Եգիպտոսի իշխանությունները մտադիր են էլեկտրոնային վիզայի տրամադրման համակարգը գործարկել Cairo ICT-2017 ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա Կահիրեում դեկտեմբերի 3-6-ը: Այս մասին հայտնում է եգիպտական «Ալ-Մասդար» թերթը:
«Ցուցահանդեսի աշխատանքների ընթացքում գործարկվելու է էլեկտրոնային վիզաների տրամադրման E-Visa համակարգը օտերերկրացիների համար, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ Trade Fairs ընկերության գործադիր տնօրեն Ուսամա Քամալը:
Ենթադրվում է, որ զբոսաշրջիկները կկարողանան երկրի մուտքի վիզա ստանալ աշխարհի ցանկացած կետից: Փաստաթղթի համար հնարավոր կլինի վճարել նախապես համացանցի միջոցով, ինչը կարագացնի անձնագրային հսկողության անցումը:
Փորձագետների կարծիքով՝ նորարարությունը կօգնի էականորեն ավելացնել զբոսաշրջային հոսքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեպի Եգիպտոս չարթերային չվերթները չեն վերականգնվի մինչև 2017 թ. վերջ:









































