Մեքսիկացի դերասան Ռոբերտո Կավազոսը հայտարարել է, որ դերասան Քևվին Սպեյսին իր հանդեպ սեքսուալ ոտնձգություններ է իրականացրել, երբ ինքն աշխատելիս է եղել Լոնդոնի «Օլդ Վիկ» թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարը եղել է Սպեյսին 2004-2015 թթ: Այս մասին Կավազոսը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նրա խոսքով՝ Սպեյսիի զոհն են դարձել բազմաթիվ երիտասարդ դերասաններ: Ընդ որում, օսկարակիր դերասանը հաճախ նրանց թատրոն էր բերում՝ գայթակղելով «շամպայնով մինի պիկնիկի» առաջարկով, կամ կարիերայի մասին զրուցելու պատրվարկով, որից հետո էլ սկսում էր ոտնձգություններ կատարել:
«Պատմությունները տարբերվում էին միայն նրանով, թե որքան հեռուն էր գնում այդ պիկնիկը, սակայն մոտեցումները միշտ նույնն էին: Ավելի հաճախ նրան կարելի էր տեսնել թատրոնի բարում, որտեղ նա արդեն անպարկեշտ առաջարկություն կարող էր անել ցանկացած մեկին, ով կհայտնվեր նրա տեսադաշտում: Ես չէի տրվում այդ ամենին, սակայն գիտեմ ոմանց, ովքեր չափազանց վախեցած էին նրան կանգնեցնել կարողանալու համար»,- գրում է Կավազոսը։

Ավելի վաղ Netflix-ը որոշում էր կայացրել դադարեցնելու «Խաղաթղթե տնակը» ֆիլմաշարի վերջին եթերաշրջանի աշխատանքներն այն բանից հետո, երբ Քևին Սպեյսիին սկսեցին մեղադրել դերասան Էնթոնի Ռեփին այլասերելու փորձի մեջ, երբ նա 14 տարեկան էր:











































