Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները:
Մասնավորապես, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ավարտվել են ջեռուցման համակարգերի փորձարկումները, և ապահովված է դրանց անխափան շահագործումը:
Անդրադառնալով մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ հսկողություն սահմանել ու բացառել պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների ու տաղավարների գործունեությունը:
Միաժամանակ հանձնարարվել է նաև խստորեն հետևել, որ բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալներն աշխատանքները կազմակերպեն բացառապես իրենց հատկացված տարածքներում:








































