Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին տարածաշրջանային խորհրդարանին հղված ուղերձում հայտնել է նոյեմբերին ավարտվող մանդատից հետո պաշտոնում մնալուց հրաժարվելու մասին։ Այս մասին Twitter-ում հայտնել է քուրդ առաջնորդի խորհրդական Հեմին Հավրամին։
«Խորհրդարանը երկարացրել է (լիազորությունների) ժամկետը երկու անգամ»,-գրել է նա,- «Բարզանին հրաժարվել է երկարացնել մանդատը կամ ուղղումներ մտցնել գործող օրենսդրությունում։ Նա այսօր նամակ է ուղարկել խորհրդարան»։
Քրդստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանին ընտրվել է տարածաշրջանային խորհրդարանի կողմից ինքնավարության ղեկավարի պաշտոնում 2005 թվականի հունիսին՝ 4 տարով, իսկ 2009-ին հաղթել ինքնավարության պատմության առաջին ընտրություններում։ Դրանից հետո մանդատը մի քանի անգամ երկարացվել է։







































