Խորհրդարանում զինապարտության մասին օրինագծի քննարկումները գործնականում խորհրդարանական ընդդիմության և իշխանական մեծամասնության, այսպես ասած, դիմակայության, թերևս, առաջին հիմնարար դրվագն էին, որովհետև առնչվում էին պետության կենսագործունեության համար կարևորագույն խնդրին՝ բանակին, պաշտպանական համակարգի կազմակերպմանը: Եվ առավել ևս կա հիմնարար գործոն, երբ խոսքը վերաբերում է պատերազմող պետությանը:
Հատկանշական է, որ իշխանական մեծամասնությունը, տվյալ դեպքում՝ ի դեմս պաշտպանության նախարարի, ըստ էության առաջին խորքային և առանցքային դիմակայության դրվագում բավական կոշտ արձագանքի արժանացրեց խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումն ու քննադատությունը, ընդ որում՝ երբ խոսքը վերաբերում է ընդամենը տասը մանդատ ունեցող «Ելք» դաշինքին, որը հազիվ թե իր դիրքորոշմամբ կարողանար խառնել իշխանության ծրագրերը: Մյուս կողմից՝ իշխանություն հասկացությունը Հայաստանում վաղուց միատարր չէ, և այդ իմաստով, իհարկե, հարաբերական է դրա օգտագործումը, քանի որ այդ ձևակերպման ներքո հստակեցման կարիք ունի, թե իշխանական համակարգի հատկապես որ թևի մասին է խոսքը: Այդ տեսանկյունից հստակ է, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թևի ներկայացուցիչ է, և առնվազն ակնհայտ է, որ «Ելք» դաշինքի հետ առաջին իսկ, այսպես ասած, դիմահար հակադրության պայմաններում այդ թևը կոշտ արձագանքի է արժանացնում դաշինքի ընդդիմախոսությունը:
Ընդ որում՝ այստեղ բանը միայն արձագանքը չէ, այլ գործնականում խորը անվստահության մասին արձանագրումը: Վիգեն Սարգսյանը հայտարարում է, թե ցավում է, որ դաշինքը մերժեց կոնստրուկտիվ գործակցության առաջարկը: Իսկ տվյալ պարագայում, ինչպես արձանագրեցինք, խոսքը պետության, պատերազմող պետության համար հիմնարար խնդրի մասին է՝ անվտանգություն, պաշտպանություն: Եվ ակնհայտ է, որ այդ ոլորտը, այդ առանցքը Սերժ Սարգսյանի համար ներկայիս և միջնաժամկետ հեռանկարի առումով ունի քաղաքական պլատֆորմին հավասարազոր նշանակություն, և ըստ այդմ՝ նրա թևի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը, փաստորեն, խոսում է այն մասին, որ «Ելք»-ը մերժել է այդ հարթության վրա «կոնստրուկտիվ» գործակցության առաջարկը:
Կանի՞ նոր առաջարկ Սերժ Սարգսյանի թևը «Ելք»-ին, թե՞ ոչ: Համենայնդեպս դատելով Վիգեն Սարգսյանի արձագանքի կոշտությունից՝ այդպիսի առաջարկի հավանականությունը շատ քիչ է, և ավելի մոտ է իրականությանը, թերևս, այն, որ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանը, այդպիսով հայտարարում է «մրցույթ» կոնստրուկտիվ ընդդիմության համար, որը պատրաստ է գործակցել պաշտպանական և անվտանգության քաղաքականության, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի նվազագույնը միջնաժամկետ քաղաքական պլատֆորմի ուղղությամբ: Վիգեն Սարգսյանի ելույթն ու շեշտադրումները կարծես թե հուշում էին այդպիսի թափուր տեղի մասին և դե ֆակտո հայտարարություն էին, որ սարգսյանական թևը պատրաստ է ընդունել հայտեր: Դա ինչ-որ առումով ստացվում է նաև ուղղակի «մրցույթ» 2022 թվականի խորհրդարանում ընդդիմության տեղերի համար: Իհարկե, խոսքն, այսպես ասած, առաջին փուլի մասին է, քանի որ իշխանությունը, թերևս, մինչև 2022 թվական կանցկացնի մրցութային անկասկած մի քանի փուլ: Ավելին՝ բացառված չեն նույնիսկ նոր «մրցույթները»՝ նոր պլատֆորմների շուրջ «կոնստրուկտիվ» գործակցության հեռանկարներով կամ առաջարկներով:
Տվյալ պարագայում, Սերժ Սարգսյանը դրսևորվելու դաշտ է բացում, առնվազն բանավոր իմաստով, այն ուժերի համար, որոնք դուրս են մնացել 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից, այսինքն՝ չեն հաղթահարել, այսպես ասած, անցողիկ շեմը: Ովքե՞ր կլինեն առաջին արձագանքողները: Խորհրդարանից դուրս մնացած ուժերի զգալի մեծամասնությունը ընտրությունից հետո անցել է «ընդհատակ» և չի հիշեցնում իր մասին: Դա ինչ-որ իմաստով, իհարկե, նաև ռացիոնալ պահվածք էր, հասկանալի, որովհետև ներքաղաքական իրավիճակն ու արտաքին քաղաքական իրադարձությունների տրամաբանությունն այնպիսին էին, որ լռությունը նրանց համար կլիներ, թերևս, ամենալավ դիրքորոշումը, եթե, իհարկե, չկար զուգահեռ նախաձեռնության որևէ տարբերակ:
Այդպիսի նախաձեռնության նրանք ունակ չեղան և թերևս սպասում էին, թե իշխանությունը երբ կկանչի: Իշխանությունը կարծես թե կանչեց: Կշտապե՞ն, թե՞ կփորձեն հավաստիանալ, որ իշխանությունն իսկապես կանչում է, և տպավորությունն, այսպես ասած, սխալ չէր:
Լուսանկարը՝ Photolure-ի











































