Սփյուռքի հետ աշխատանքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն Ռուսաստան է ուղարկել հատուկ աշխատանքային խումբ, որի ներկայացուցիչները կզբաղվեն այնտեղ աշխատող հայրենակիցների շրջանում իրավական տեղեկացվածության ուժեղացման հարցերով:
«Աշխատանքային խմբի նպատակն է օգնել Ռուսաստանում ապրող և աշխատող ադրբեջանցիներին՝ կառուցելու իրենց գործունեությունը Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան, տեղի օրենքների պահպանման հարցում աջակցել աշխատանքային էմիգրանտներին»,- հայտնել են պետկոմիտեում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Պետկոմիտեում նշել են, որ խմբի անդամներն արդեն գործուղվել են Ռուսաստան, որտեղ ադրբեջանցիների կոմպակտ բնակության շրջաններում կհանդիպեն սփյուռքի ներկայացուցիչների հետ: Նրանք նաև խորհրդակցություններ կանցկացնեն համապատասխան պետական մարմինների հետ՝ խնդրահարույց իրավիճակների շուրջ, որից հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ:
Պետկոմիտեում հատուկ նշել են, որ աշխատանքային խմբի նպատակը Օրհան Զեյնալովի հարցը չէ. այդ հարցով զբաղվում են Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները: