Մոտ օրերս կհրապարակվի Ժիրայր Սեֆիլյանի կողմից նախաձեռնված Ազգային դիմադրության ճակատի հռչակագիրը: Հիմնական խնդիրն այնպիսի ծրագրի շուրջ համաձայնությունը և մշակումն է, որը միաժամանակ կհամախմբի այն մարդկանց, ովքեր տեսնում են ներկա իրավիճակի հիմնական խնդիրները, այսինքն՝ մարդկանց, ովքեր կոսմետիկ փոփոխություններով լուծումներ չեն տեսնում, և կհավաքի այնքան մարդ, որոնք էականի շուրջ կհամաձայնեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ալեք Ենիգոմշյանը համոզված է, որ իրավիճակից դուրս գալ անկասկած հնարավոր է. «Իհարկե, բոլորս գիտակցում ենք, որ մինչ այս բոլոր փորձերը հաջողությամբ չեն ավարտվել, եղել են մասնակի, ոչ էական հաջողություններ: Եվ այսօր համաքաղաքացիների մեջ կա այնպիսի հուսալքության և անելանելիության հոգեբանական վիճակ, որը ավելին է, քան եղել է անցյալում: Հետևաբար այդ առումով կարող է թվալ, որ ավելի դժվար է ներկա վիճակը, բայց խորապես համոզված եմ, որ դա հնարավոր է: Սակայն ամենակարևորն այն է, որ հստակեցվի այն ամենը, ինչի շուրջ մարդիկ հավաքվում են, կարևոր է անհրաժեշտ ծրագրի շուրջ համախմբում: Երբ հանրությունը, քաղաքացիները, ինչու ոչ՝ Սփյուռքի հայրենակիցները տեսնեն, որ մարդիկ համախմբվել են, այդ խումբը կմեծանա, և մեր հանրությունը կտեսնի այն պոտենցյալը և այն վճռականությունը, որ կա այստեղ»:
Նա նշեց, որ իրենց կհաջողվի ժողովրդի մասնակցությամբ իրավիճակ փոխել:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ ազգային դիմադրության ճակատը գնալով ավելի կմեծանա և արդեն առարկայական նախադրյալներ կստեղծի իսկական ժողովրդական շարժում դառնալու:
Նա նաև նշեց, որ անձերով պայմանավորված չպետք է լինի այս նախաձեռնությունը, այլ հստակ սկզբունքներով, առանցքային գաղափարներով: «Սկզբունքները չպետք է պայմանավորվեն մարդկանցով, այլ մարդկանց մասնակցությունը պետք է պայմանավորվի այդ սկզբունքների որդեգրմամբ»,- հավելեց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































