Թայլանդի ծովային և ափամերձ ռեսուրսների դեպարտամենտը ծրագրում է նոյեմբերի սկզբից արգելք սահմանել զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ լողափերում ծխելու վրա։ Այս մասին հայտնում է The Nation-ը։
Ծխելը կսահմանափակվի 20 ամենահանրահայտ լողափերի տարածքում։ Դեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ ծխելը լիովին չի արգելվի, ծխողների համար նախատեսված վայրերը դուրս կբերվեն լողափերի տարածքներից։ «Չի կարելի ծխախոտի մնացորդը նետել ավազի մեջ կամ սիգարետով զբոսնել լողափին»,-ասել է նա։
Նա հավելել է, որ կանոններին չենթարկվելը կպատժվի ավելի քան 3000 դոլար տուգանքով կամ 1 տարի ազատազրկմամբ։ Ապագայում սահմանափակումները կտարածվեն բոլոր լողափերի վրա։
Արգելքի սահմանման պատճառ էր դարձել այն, որ Պատոնգում լողափի 2.5 կմ հատվածում հայտնաբերվել էր մոտ 138 հազար ծխախոտային մնացորդ։









































