Բժշկական հաշտարարի ինստիտուտ ստեղծելու նախարարի հիմանավորումն այնպիսին է, որ այն փորձագիտական եզրակացություն անող կառույց պետք է լինի, ինչը ենթադրում է շենք-շինություններ, մարդիկ, չինովնիկներ, մեքենաներ, սպասարկումներ, լույս, ջուր, բազմաթիվ ծախսեր: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասել է, որ կարծում է՝ բոլորն էլ հանդիպել են խնդրի, որ մեկը բուժում ստանալուց հետո դեռ տվայտվում է` արդյո՞ք ճիշտ բուժում է ստացել, թե՞ ոչ: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ չկա որևէ փորձագիտական ինստիտուտ, որը կարող է քաղաքացու մոտ առաջացած այդ հարցի վերջնական պատասխանը տալ, և հիմա այդ կառույցն այդ նպատակներով են ստեղծում:
«Որտեղից են հատկացնելու այդ միջոցները, արդյոք գնահատվել է՝ որքանով է այդ կառույցն արդյունավետ գործելու: Բնականաբար, մենք սահմանադրական նորմ ունենք, որ ամեն քաղաքացի իրավունք ունի առողջության պահպանման համար պետության կողմից սահմանված ծրագրերի շրջանակում բուժօգնություն ստանալ, այդ խնդիրն իրականացնողն առողջապահության նախարարությունն է, մարզային առողջապահական ծառայությունները: Եթե վեճերի կամ դժգոհությունների հարցեր են առաջանում, նախարարությունը փորձում է մի անորոշ կառույց ստեղծել, խնդիրներն իրենից հեռացնել նման տնտեսական պայմաններում: Ես այս քայլերի հետևանքով լրացուցիչ բյուրոկրատական, ոչ թե փորձագիտական կառույց եմ եզրակացնում,- շեշտեց Արարատ Մկրտչյանը:
Առողջապահության նախկին նախարարը նաև ասաց, որ մոդայիկ հոսանքներին հետևելու միտում է նախարարի մոտ տեսնում, վերջինս ասել էր, որ ներդրված ֆինանսական հաշտարարի, իրավական հաշտարարի ինստիտուտն արդարացրել է իրեն, հիմա էլ իրենք են փորձում:
Մանրամասները՝ տեսանյութում:








































