ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հետաձգել դեպի Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հարցի լուծումը։ Այս մասին ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հայտարարել է TBN ավետարանական հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Թրամփը զրուցել է հաղորդավար Մայք Հաքաբիի հետ, ով նախկինում առաջադրվել էր Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում։ Հաքաբին հանդիսանում է նաև Սպիտակ տան խոսնակ Սառա Հաքաբի Սանդերսի հայրը։
Թրամփը հայտարարել է. «Այժմ մենք աշխատում ենք մի ծրագրի վրա, որի իրագործման հնարավորությանը ոչ ոք չի հավատում, քանի որ երկար տարիներ նման ծրագրերը ձախողվել են մեկը մյուսի հետևից։ Չեմ ուզում ոչինչ կանխագուշակել, սական ցանկանում եմ հնարավորություն տալ մեր կողմից մշակվող ծրագրին, մինչ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին խոսելը։ Ինչպես Ձեզ հայտնի է, ամենը, ինչ կապված է Իսրայելի հետ, շատ կարևոր է ինձ համար»։
Թրամփը պարզաբանել է Իսրայելի և Պաղեստինի միջև դիվանագիտական գործընթացն առաջ մղելու իր ձգտումը։ «Եթե խաղաղություն ձեռք բերվի Իսրայելի և պաղեստինցիների միջև, դա հնարավորություն կբացի ողջ տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման համար։ Դա չափազանց կարևոր է, քանի որ ես ցանկանում եմ սպառել բոլոր առկա հնարավորությունները»։
Խոսելով իրանական թեմայով՝ ԱՄՆ նախագահը հրաժարվել է հայտարարել իր մտադրությունները միջուկային գործարքի հետ կապված։ «Բոլորդ մի քանի օրից կլսեք, սակայն չեմ թաքցնի, որ չափազանց դժգոհ եմ այդ գործարքից և կարծում եմ, որ այն վնաս է հասցրել ողջ աշխարհին, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքին»։











































