ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Դրանում նշվել է, որ քննարկումների նպատակն է եղել ավարտել նախագահների հանդիպում կազմակերպելու աշխատանքը, այդ թվում՝ հստակեցնելու քննարկման հնարավոր թեմաները: «Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:
Առաջիկա գագաթաժողովի մասին տեղեկատվությունը համապատասխան կողմերը կներկայացնեն մոտակա ապագայում»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հստակ է միայն այն, որ առաջիկայում, հավանաբար` մինչև տարեվերջ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան:
Միևնույն ժամանակ` լակոնիկ այս հայտարարությունը ծնում է մի քանի հարցեր: Օրինակ` ինչո՞ւ համանախագահները չեն հայտարարել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման օրվա և տեղի մասին` դա թողնելով հարցը հակամարտության կողմերին: Պատճառը տեխնիկակա՞ն է, թե՞ առայժմ համաձայնեցված չեն հանդիպման ձևաչափն ու օրակարգը: Մյուս կողմից` համանախագահները խոսում են Սարգսյանի ու Ալիևի պատրաստակամության մասին, որը վերաբերում է բանակցությունների վերսկսմանը` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Դարձյալ որևէ խոսք չկա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն ների մասին, նույնիսկ ակնարկ, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը քննարկվելու է նաև առաջնագծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման հարցը:
Այնպիսի տպավորություն է, որ համանախագահների հայտարարությունը լրացնում է Իլհամ Ալիևի նախօրեին արած ռեպլիկը, թե Հայաստանը համաձայնել է վերադառնալ բանակցությունների գործընթաց: Համենայն դեպս, համանախագահների վերջին երկու հայտարարությունները որոշակի հիմք են տալիս պնդելու, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից` թեև օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կոնգրեսին ուղղված նամակում վերահաստատել էր ամերիկյան դիրքորոշումը` շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին:
Մյուս կողմից` այսօր մեծ վերապահումով կարելի է խոսել ամերիկյան քաղաքականության մասին: Թրամփի վարչակազմն առայժմ չունի արտաքին քաղաքականության հստակ կոնցեպցիա, բացի այդ` համաշխարհային մամուլն այս օրերին հեղեղված է Թրամփի և Թիլերսոնի անհաղթահարելի հակասությունների մասին հրապարակումներով:
Այս ֆոնին հետաքրքիր է, թե առաջիկա հանդիպման ինչպիսի օրակարգ են պատկերացնում Հայաստանի իշխանությունները: Արդյո՞ք Երևանում հրաժարվել են Ապրիլյան պատերազմից հետո որդեգրված հստակ մոտեցումից, որ բովանդակային բանակցություններն անիմաստ են առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմա՞ն, թե՞ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում այդ խնդիրը շրջանցվել է մարտավարական շարժառիթներով:
Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը էական է, որովհետև ամերիկյան քաղաքականության անորոշության ֆոնին դարձյալ նկատվում է ռուս-ադրբեջանական մերձեցման ակնհայտ միտում: Ռուսաստանի նախագահի օգնականի մակարդակով չի բացառվում Ադրբեջանի եվրասիական հեռանկարի հնարավորությունը, ինչի գինը Հայաստանի համար կարող է լինել ազատագրված տարածքների վերադարձը: Այդ մասին ռուսաստանցի որոշ փորձագետներ այս օրերին խոսում են բաց տեքստով, նաև` «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցներում: Համանախագահների այսօրվա հայտարարությունը` թեև հարուստ չէ բովանդակությամբ, սակայն ավելի շատ հարցեր է ծնում հենց այդ հարթության վրա:









































