Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանոր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակել է որոշում, ըստ որի՝ միայն 4 անդամների մասով գործը թողել է իր վարույթում, իսկ 10 անդամներինը կքննի այլ դատավոր։ Արտուշ Գաբրիելյանը միաժամանակ որոշում է կայացրել, որ 4 անդամների գործին կմիացվի նախորդ շաբաթ կիսված՝ «Սասնա ծռերի» 7 անդամների գործը։ Փաստորեն «Սասնա ծռերի» գործը կքննվի երեք տարբեր վարույթներում։
Մեր նախորդ հրապարակումներից մեկում հանգամանալից անդրադարձել ենք այս ամենի իրավական անհեթեթությանը, թերևս` կրկնվելու անհրաժեշտություն չկա: Արձանագրենք միայն, որ այս գործում, ըստ ամենայնի, սպառվել է խեղկատակության լիմիտը և իշխանություններին ամենայն հավանականությամբ դադար է պետք` առաջիկա դատավարական ընթացակարգն իրենց քաղաքական շահերին համապատասխանեցնելու համար:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն, ըստ երևույթին, «ձեռքերը լվանում» է այս գործից: «Մավրն արեց իր գործը, Մավրը հեռանում է»` գուցե մտածեն ոմանք, իսկ մենք ենթադրում ենք, որ նրա վարույթում մնացել են այն 11 «ծռերի» գործերը, ովքեր ենթադրաբար դատապարտվելու են ազատազրկում չենթադրող դատավճիռներով: Եթե մեր ենթադրությունները ճիշտ են, ապա իրական դատավարության ականատես կլինենք «Սասնա ծռերի» մյուս երկու գործերով:
Մյուս կողմից` իշխանություններն այս պահին արդեն լուծել են մարտավարական մեկ խնդիր` «ծռերի» դատավարություններն անորոշ ժամկետով հետաձգվում են:
Դժվար է ստույգ ասել, թե կոնկրետ ինչով է այս դադարն անհրաժեշտ իշխանություններին, սակայն հիմա բոլոր գործընթացները ենթարկվում են 2018-ի տրամաբանությանը: Չի բացառվում, որ հենց առաջիկա շաբաթների ընթացքում են կայացվելու նոր իշխանությանը վերաբերող սկզբունքային որոշումները, ինչով պայմանավորված առժամանակ չեզոքացվում են լարվածություն ծնող բոլոր օջախները:









































