Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվեց Մերաբ Կալաշովի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Մերաբ Կալաշովը 2015 թվականի հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվելով, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է ՀՀ պահպանվող սահմանը, որից հետո 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկի մոտ ու բերման է ենթարկվել:
Կալաշովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական պահպանվող սահմանը ապօրինի հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով:
Մերաբ Կալաշովը կալանքի տակ է առնվել 2016 թվականի նոյեմբերի 25-ից:
Դատարանը հարցաքննեց գործով վերջին վկային՝ Արմեն Գ.-ին: Վերջինս հայտնեց, որ երկար տարիներ է՝ ճանաչում է Մերաբ Կալաշովին, վերջին շրջանում, երբ Կալաշովը Հայաստանում էր, նրան է տրամադրել իր ԲՄՎ մեքենան. «Իմ ընկերն ա, մեքենաս տրամադրել եմ, չեմ հիշում՝ ինչքան ժամանակ կլիներ՝ մեկ տարուց ավելի… Իմ իմանալով՝ երբ մեքենան տրամադրել եմ, էդ ժամանակ էր նա եկել Հայաստան, բայց ես չեմ հիշում, թե երբ եմ տրամադրել… Տեղեկություն չունեմ՝ երբ ու ոնց է նա հատել ՀՀ սահմանը… Տեղեկություն չունեմ՝ ինչով է զբաղվել Կալաշովը… Նրա գործունեության բնույթի մասին տեղյակ չեմ…. Չեմ հիշում՝ իրար հետ ժամանակ անցկացրել ենք, թե չէ…»:
Մեղադրողը հարցրեց. «Ձեր հիշողությունը ինչքա՞ն է թարմ»:
Վկան տարակուսեց. «Էնպիսի հարց եք տալիս, չեմ կարում պատասխանեմ»:
Դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերի հրապարակմանը:
Մերաբ Կալաշովի վերաբերյալ պաշտոնական հարցմանը պատասխան էր տրվել, որ նրա կողմից ՀՀ պետական պահպանվող սահմանը հատելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ:
Կալաշովի դատվածությունների վերաբերյալ տեղեկություններ կային: Սկսել է դատվել Ռուսաստանի Դաշնությունում՝ 1999 թվականին նա դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, 2004 թվականին՝ 6 ամիս, 2005 թվականին՝1 տարի, 2007 թվականին՝ 5 տարի ազատազրկման: ՌԴ-ում Մերաբ Կալաշովի դատվածությունները մարված չեն:
Մերաբ Կալաշովը Ֆրանսիայի իրավապահների կողմից որպես մեղադրյալ ներգրավվել է «Չարագործների խմբակ» հանցավոր խմբավորման կատարած ու նախապատրաստած հանցավոր արարքների՝ գողացված իրեր թաքցնելու, փողերի լվացման ու մի շարք այլ արարքների համար կասկածով:
Մերաբ Կալաշովի նկատմամբ Ֆրանսիայի իրավապահների կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել, նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ Կալաշովը, ըստ ներկա քրեական գործի, եկել ու ապօրինի հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը: Այնուհետև հայտնվել է հայաստանյան մեկուսարանում:
Դատարանն անցավ ամբաստանյալի հարցաքննությանը:
Մերաբ Կալաշովը հայտարարեց, թե չի ցանկանում ցուցմունք տալ ու պատասխանել որևէ հարցի: Սակայն նա հայտնեց իր դիրքորոշումը. «Ուզում եմ ասել՝ ես ոչինչ չեմ խախտել: Փաստեր չկան, որ հակաօրինական բան եմ կատարել: Ես Հայաստանը միշտ համարել եմ իմ հայրենիքը ու եկել եմ իմ հայրենիք: Այստեղ ոչինչ չեմ արել: Ես ինձ մեղավոր չեմ համարում»:
Մերաբ Կալաշովը զրպարտություն անվանեց մեղադրողի ընթերցած փաստաթղթի բովանդակությունը՝ Ֆրանսիայում նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Դատաքննությունը հայտարարվեց ավարտված:
Մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա ասաց, թե Մերաբ Կալաշովին առաջադրված մեղադրանքը հաստատված է համարում:
Մեղադրողը կանգ առավ այն հանգամանքի վրա, որ պետական պահպանվող սահմանն ապօրինի անցնելու միայն մեկ դեպքում չի նախատեսվում քրեական պատասխանատվություն՝ երբ հատողը ապաստան է խնդրում: Բայց ըստ մեղադրողի՝ ապաստան խնդրողն այդ մասին պարտավոր է տեղեկացնել պատկան մարմիններին անմիջապես ու հստակ, սակայն Մերաբ Կալաշովը Հայաստան մտնելուն պես նման խնդրանքով չի դիմել պատկան մարմնին:
ՀՀ համապատասխան բազայում ոչ մի տեղեկություն չկա, որ Մերաբ Կալաշովն ու նրա հետի անձը երբևէ հատել են ՀՀ սահմանը: Հետևաբար՝ նրանք օրինական մուտք չեն գործել Հայաստան: Իսկ պետական պահպանվող սահմանի ապօրինի հատման համար Մերաբ Կալաշովը ենթակա է քրեական հետապնդման:
Մեղադրողն անցավ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներին:
Նա նշեց, որ Մերաբ Կալաշովի անձը բնութագրող տվյալ կարող է համարել այն, որ նա ամբողջ դատաքննության ընթացքում իրեն դրսևորել է որպես «զուսպ, կոռեկտ անձնավորություն», չի խոչընդոտել դատարանի աշխատանքին՝ այս առումով կարելի է նրան դրական բնութագրել:
Որպես ծանրացնող հանգամանք՝ մեղադրողը հիշատակեց Մերաբ Կալաշովի՝ Ռուսաստանի Դաշնությունում մի քանի անգամ դատված լինելը ու ՌԴ-ում վերջին դատվածության մարված չլինելը:
Մեղադրողը միջնորդեց Մերաբ Կալաշովին մեղավոր ճանաչել ու դատապարտել 2 տարի ազատազրկման:
Ամբաստանյալ Մերաբ Կալաշովի շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարեց, թե համակարծիք չէ դատախազի ասածներին: Ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացրած մարմինը չի հիմնավորել Կալաշովին առաջադրված մեղադրանքը՝ ե՞րբ է Կալաշովը հատել ՀՀ սահմանը, որտե՞ղ է հատել, ո՞ր թվականին՝ ոչ մի տվյալ չկա: Կալաշովին մեղսագրված արարքը միջին ծանրության է: Պաշտպանը հարց բարձրացրեց՝ ապացույց կա՞, որ Կալաշովը շատ տարիներ առաջ չի հատել ՀՀ սահմանը, ու վաղեմության ժամկետն արդեն չի անցել: Մեկ գրության պատասխանը չի կարող դառնալ առաջադրված մեղադրանքի հիմնավորում: Պաշտոնական հարցման մեջ չի նշվել՝ ի՞նչ ժամանակային կտրվածքով է հարցում կատարվում, միգուցե Կալաշովը սահմանը հատել է հինգ տարի առաջ…
Այնուհետև պաշտպանն անցավ իր ճառի զգացմունքային հատվածին: Նա նշեց, որ Հայաստանում ապրելու իրավունք ունեն բոլոր ազգերի ներկայացուցիչները, սակայն «հայերին և եզդիներին է բաժին հասել պատմական առաքելությունը՝ իրենց արյունով պաշտպանելու այս մի թիզ հողը»:
Պաշտպանը նշեց, որ Մերաբ Կալաշովը որտեղից ու երբ՝ հայտնի չէ, բայց վերադարձել է իր հայրենիքը՝ անկախ անձնագրային տվյալներից նա հենց Հայաստանն է համարում իր հայրենիքը:
Պաշտպանն անցավ պատմական էքսկուրսի՝ նշեց, որ Մերաբ Կալաշովի եզդի նախնիները 1915 թվականին Վանի տարածաշրջանից գաղթել են Արևելյան Հայաստան, այնուհետև նրա ծնողները մեկնել են Վրաստան, հաստատվել են Թբիլիսիում, որտեղ ծնվել է Մերաբը: Վերջինս մշտապես կապ է ունեցել Հայաստանի հետ, քանի որ այստեղ են ապրում նրա բազմաթիվ ազգականները, այստեղ են նրա նախնիների գերեզմանները…
Պաշտպանը նույնիսկ հիշատակեց, որ Մերաբ Կալաշովի ազգականներից մեկը զոհվել է ՀՀ սահմանի պաշտպանության համար:
Այս գործի քննության ընթացքում Մերաբ Կալաշովը դիմել է պատկան մարմիններին, ստացել է Հայաստանում կեցության իրավունք, ինչպես նաև արդեն ամուսնացել է հայ աղջկա հետ՝ «ընտանիք է կազմել Հայաստանում»:
Պաշտպանն ընդգծեց, որ Մերաբ Կալաշովը Հայաստանում հաստատվելու համար է եկել, իսկ նրա մեղավորությունը գործով ապացուցված չէ:
Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին ճանաչել անմեղ ու արդարացնել՝ անհապաղ ազատ արձակելով դատարանի դահլիճում:
Մեղադրողը հանդես եկավ ռեպլիկով ու ասաց, թե Ֆրանսիայում հանցավոր խմբավորման կազմում Կալաշովին մեղսագրված արարքները 2013 թվականից են կատարվել, ուրեմն առնվազն այդ ժամանակ Կալաշովը Հայաստանում չի եղել, ասել կուզի՝ վաղեմության ժամկետի անցնելու մասին խոսք լինել չի կարող:
Հայաստանում ապաստան խնդրելու դեպքում Կալաշովը պետք է Հայաստան գալուն պես դիմեր նման խնդրանքով, բայց նա մոտ մեկ տարի ապրել է Հայաստանում, դիմել է բժշկի, այլ գործերով է զբաղվել, իսկ ապաստան չի խնդրել մինչև ձերբակալվելը, միայն դրանից հետո է նա այդպիսի խնդրանքով դիմել:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը հակադարձեց, որ օրենքում նշված չէ՝ ապաստան խնդրելու դեպքում երկիր մուտք գործելուն պես անմիջապես պիտի խնդրել: Եվ այն, որ Ֆրանսիայում հանցավոր խմբավորումը գործել է 2013 թվականից, չի նշանակում, որ Մերաբ Կալաշովը չէր կարող Ֆրանսիայում լինել 2012 թվականին ու այնտեղից հեռանալ 2013 թվականին: «Մեղադրողը իր համար ցանկալին ներկայացնում է որպես իրականություն»,- ասաց պաշտպանը:
Մերաբ Կալաշովը չցանկացավ պաշտպանական ճառ կամ վերջին խոսք ասել:
Դատարանը Մերաբ Կալաշովին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով և դատապարտեց 2 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 25-ից:
Դատարանը դատավճռի հրապարակման պահին Մերաբ Կալաշովին անվանեց «Վրաստանի Հանրապետության քաղաքացի»: Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Մելքոնյանը հրապարակումից հետո ասաց, թե Կալաշովը Վրաստանի քաղաքացի չէ, նա հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և Հայաստանում կեցության իրավունք է ստացել: Նախագահողը նշեց, որ փաստաբանի ասածները հաստատող փաստաթղթեր դատարան չեն ներկայացվել, եթե կան այդպիսի փաստաթղթեր, դեռ կարող են ներկայացվել:
Մերաբ Կալաշովը դատավճռի հրապարակումից հետո ոչինչ չասաց, բայց նկատելիորեն անտրամադիր էր:







































