Facebook ընկերությունում հայտարարել են, որ ԱՄՆ տարածքում ռուսական գովազդի ավելի քան կեսը սոցցանցում ցուցադրվել է արդեն նախագահական ընտրություններից հետո։ Գովազդի 1/4–ը ոչ ոք նույնիսկ չի տեսել։
Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ կոնգրեսում լսումների արդյունքներով, որոնց ընթացքում ընկերության ներկայացուցիչները կոնգրեսականներին են ներկայացրել 3000 հայտարարություն, որոնք գրանցվել են սոցցանցում 2015-17 թթ «Համացանցային հետազոտությունների գործակալություն» ռուսական կազմակերպության կողմից։ Ընդգծվել է, որ այդ հայտարարությունները բռնկել են ռասսայական և սոցիալական տարաձայնություններ։ Հայտարարությունում հաստատվում է, որ գովազդը տեսել է 10 մլն մարդ (ընտրություններին քվեարկել է ավելի քան 128 մլն ընտրող), ընդ որում գովազդային գրառումների 44 տոկոսը սոցցանցի օգտատերերը տեսել են մինչ ընտրությունների օրը։
Կոնգրեսականների կարծիքով՝ հայտարարությունները հանդիսանում են ԱՄՆ ընտրություններին ՌԴ-ի միջամտության ապացույց։
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն առնչություն չունի քաղաքական գովազդի զետեղման հետ և չգիտի, թե ով է կանգնած նման պատվերների հետևում։








































