Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Եվրոպան կանգնած է ուժգնացող սպառնալիքների առջև, որոնց թվում նա առանձնացրել է ահաբեկչությունը, կիբերհանցագործությունը, միգրացիան և ռուսական ագրեսիան։
«Ահաբեկչությունից կիբերհանցագործություն, անօրինական միգրացիայից ռուսական ագրեսիա. մեր՝ եվրոպացիներիս առջև կանգնած սպառնալիքները գնալով ավելի մասշտաբային և բարդ են դառնում։ Այժմ, քան երբևէ, մեր շահերից է բխում դրանց համատեղ դիմակայելը»,-ասել է Մեյը՝ ելույթ ունենալով Տալինում թվային տեխոլոգիաների հարցերով ԵՄ գագաթնաժողովի նախօրեին։
Վարչապետը նշել է եվրոպական անվտանգության ապահովման գործում Միացյալ թագավորության՝ սկզբունքորեն կարևոր դերը։ «Մեծ Բրիտանիան ունի խոշորագույն պաշտպանական բյուջեն Եվրոպայում, լայն դիվանագիտական ցանց, համաշխարհային մակարդակի անվտանգության ծառայություններ, հետախուզություն և իրավապահ մարմիններ, տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ի հիմքում, և նրա դերը եվրոպական պաշտպանության ապահովման գործում երբեք այդքան կենսական կարևոր չի եղել»,-ասել է Մեյը։









































