Պորտուգալիայի վարչապետի պաշտոնակատար Ժոզե Սոկրատեշը երեկ ուշ երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նրա կուսակցությունը պարտվել է խորհրդրանական ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իշխող սոցիալիստական կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների մոտ 30%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդը՝ Պորտուգալիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հավաքել է 42.5%-ը: Անկախ նրանից, թե ով է ձևավորելու կառավարությունը, այդ ուժին անհրաժեշտ է լինելու գնալ բյուջետային ծախսերի զգալի կրճատման, քանի որ Պորտուգալիան եվրագոտու այն երկրներից է, որը տնտեսության հետ կապված զգալի խնդիրներ ունի:
Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք Պորտուգալիային տրամադրելու են կայունացման վարկեր, պահանջել են իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք թույլ կտան տարիների ընթացքում դուրս գալ ստեղծված իրավիճակից: Օգնության չափը կկազմի մոտ 78 միլիարդ եվրո:







































