Հունիսի 5-ին Աֆղանստանի արևելքում կործանվել է ՆԱՏՕ-ի ուղղաթիռ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Միջադեպի հետևանքով 2 զինվորական զոհվել են, սակայն նրանց քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ այդ տարածքում հսկողությունն իրականացնում են հիմնականում ամերիկացիները:
Հյուսիսատլանտյան դաշինքում տեղեկություններ կան, որ ուղղաթիռը խփվել է հակառակորդի կողմից: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թիմ Ջեյմսը: «Թալիբան» իսլամիստական խմբավորման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հեռախոսով Reuters գործակալությանը հայտնել է, որ Սաբարի գավառում իրենք են ձեռքի ականանետից խփել ՆԱՏՕ-ի ուղղաթիռը:
Տեղեկացնենք նաև, որ տարվա սկզբից Աֆղանստանում ՆԱՏՕ-ական զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի:









































