Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն աջակցել է MI-5 հակահետախուզության ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերի հայտարարությունն առ այն, որ գաղտնի տվյալների հրապարակումը վնասում է երկրի անվտանգության շահերին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Երեքշաբթի Փարքերը հայտարարել է, որ Կառավարական կապի վարչության տեխնիկական հնարավորությունների սահմանափակումների մասին տեղեկատվության հրապարակումը մեծ վնաս է պատճառում: Նրա խոսքերով՝ նման տեղեկատվությունը նվեր է ահաբեկիչների համար: Իր խոսքում նա անմիջական կերպով չի հիշատակել ո՛չ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ո՛չ The Guardian բրիտանական թերթը:
«Վարչապետը կարծում է, որ դա հիանալի խոսք է եղել: Մենք, ինչպես դուք ենթադրում եք, անընդհատ վերանայում ենք միջոցները, որոնք անհրաժեշտ են մեր երկրի անվտանգության ապահովման համար»,- ասել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ խորհրդարանականները և փորձագետները քննադատել են Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերի պատասխան հայտարարությունն այն մասին, որ ԶԼՄ-ների խնդիրն է խթանել հասարակական քննարկումները, և որ լրագրողները կարող են հավաքել տեղեկատվությունը, որը կծառայի այդ նպատակին:
Զինված ուժերի թագավորական ինստիտուտի ազգային անվտանգության բաժնի ղեկավար Չարլի Էդվարդսը նշել է, որ թերթի կողմից հրապարակված Սնոուդենի տվյալները պարունակում են տեղեկատվություն, որոնք օգտակար են ահաբեկիչների և Մեծ Բրիտանիայի տարածքում գործող ագրեսիվ արտասահմանյան հատուկ ծառայությունների համար:








































