Հայաստանի քաղաքների ղեկավարները կարծես միմյանց հետ մրցում են, թե ով ավելի ճոխ տոն կկազմակերպի քաղաքի օրվա առիթով: Նախօրեին գեներալիտետն էր իր ողջ ուժերը մոբիլիզացրել էջմիածին քաղաքի օրը տոն դարձնելու համար, երեկ էլ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հարազատ Աբովյան քաղաքի 50-ամյակն էր:
«Հրապարակ» օրաթերթը հիշեցնում է, որ քաղաքապետն էլ Ծառուկյանի հարազատ փեսան է: Բացի շաբլոն դարձած բեմականացումներից և հայոց երկնակամարում փայլող աստղիկների կատարումներից, ԲՀԿ ղեկավարն ստեղծագործական մոտեցում էր դրսևորել այս տոնը յուրօրինակ դարձնելու համար՝ Հայաստան էր բերել Խաչատուր Աբովյանի ծոռնուհուն՝ Օլգա Մավրինային: Նշենք, որ պատվո օթյակը Ծառուկյանի կողքին զարդարել է նաև Սահմանադրական դատարանի նախագահ, Սերժ Սարգսյանի խնամի Գագիկ Հարությունյանը, ով ծնվել է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում:








































