Ներդրող Ուորեն Բաֆեթը 10 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել վարկերից, որոնք ԱՄՆ խոշորագույն ընկերությունները ներկայացրել են 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ Բաֆեթի վերահսկողության տակ գտնվող Berkshire Hathaway ընկերության եկամուտը նման վարկերից հասնում է 40%-ի, իսկ դրանց ընդհանուր գումարը գնահատվում է 25 միլիարդ դոլար: Շահույթի ընդհանուր գումարը ժամանակի ընթացքում կարող է աճել:
Մասնավորապես, նախորդ շաբաթ Mars Inc սնունդ արտադրող խոշորագույն ընկերությունը մարել է 4.4 միլիարդ դոլար փոխառությունը, որը ստացել էր 2008թ. Berkshire Hathaway-ից: Բաֆեթն այս գործարքից ստացել է 680 միլիոն դոլարի մաքուր շահույթ:
Պարբերականը նշում է, որ Բաֆեթի ներդրումները հակաճգնաժամային շուկայում զգալիորեն ավելի հաջող են, քան, օրինակ, ԱՄՆ կառավարության ներդրումները: Երկրի ֆինանսների նախարարությունը Troubled Asset Relief հակաճգնաժամային հատուկ ծրագրի շրջանակներում ճգնաժամից տուժած խոշոր ընկերություններին հատկացրել է 420 միլիարդ դոլար և ստացել 50 միլիարդ դոլարի շահույթ՝ 12%:









































