Դատելով «Ռեգնում» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հարցազրույցից` Մոսկվան Հայաստանին թույլ է տվել, որպեսզի ԵՄ-ի հետ ստորագրի շրջանակային համաձայնագիրը` դրա դիմաց պահանջելով սառեցնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, առնվազն` չմասնակցել Վրաստանում երեկ մեկնարկած զորավարժություններին: Իհարկե, այդ ամենը ներկայացվում է իբրև Հայաստանի սուվերեն որոշում, սակայն կարևոր է հասկանալ ռուսաստանցի փորձագետի խոսքի տողատակը:
«Մենք բոլորս սպասում ենք ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, որը Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրացիային հակընդդեմ վեկտոր է: Բացի այդ, զորավարժություններին մասնակցությունը հակասում է վերջերս ստեղծված հայ-ռուսական Միացյալ զորախմբի մասին համաձայնագրին: Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի այդ զորավարժություններին հակասում է նաև երկկողմ պաշտպանական ջանքերին, այդ պատճառով Հայաստանը շատ արդարացի, ճիշտ, գտնում է, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն արդեն իսկ հերիք է՝ հավասարակշռության բերելու Եվրասիական տնտեսական միության հետ իր ինտեգրումը, և որ ՆԱՏՕ-ի միջոցառումներին մասնակցությունն ավելորդ է»-tert.am-ի հետ հարցազրույցում ասել է նա:
Եթե հետևենք Կոլերովի տրամաբանությանը, Մոսկվան շատ պրագմատիկ որոշում է կայացրել, որովհետև ԵՄ-ի հետ առաջիկա համաձայնագիրը, մեծ հաշվով, ոչինչ չի տալիս Հայաստանին. այս փաստաթուղթը «խզված» է Ասոցացման պայմանագրի համեմատ և որևէ կերպ կաակածի տակ չի դնում Հայաստանի եվրասիականությունը: Միանգամայն այլ տրամաբանություն ունեն Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք դիվերսիֆիկացնում են Հայաստանի անվտանգության համակարգը` մեծացնելով մեր երկրի սուբյեկտությունը:
Սակայն հիշյալ հարցազրույցում Կոլերովը զարգացրել է, մեր կարծիքով, շատ ավելի կարևոր միտք, որի մասին երեկ մենք խոսել էինք մեր վերլուծականներից մեկում:
«Ես կարող եմ ասել, որ Վաշինգտոնում և Սան Ֆրացիսկոյում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Ռուսաստանի համար ավելի կարևոր են, քան Հայաստանը: Բայց Ռուսաստանը ձեռքերը ծալած նայում է, թե ինչ են անում ամերիկացիները Սան Ֆրանցիսկոյում և Վաշինգտոնում և նույն կերպ՝ ձեռքերը ծալած, նայելու է նրան, թե ինչ է անում Հայաստանը Եվրոպական միության հետ»,- ասել է «Ռեգնումի» խմբագիրը և, ինչպես ասում են, դիպուկ հարվածել է նշակետին:
Թվում է` ի՞նչ կապ ունեն Հայաստան-ՆԱՏՕ կամ Հայաստան-ԵՄ հարաբերությունները Ռուսաստանի՝ Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում գտնվող դիվանագիտական հաստատությունների հետ: Սակայն Կոլերովի ակնարկն ակնհայտ է. նա հասկացնում է, որ Պուտինն իրեն նվաստացված է զգում Թրամփի քայլերից, սակայն` քանի որ չի կարող համարժեք պատասխան տալ Վաշինգտոնին, դա արել է Հայաստանի միջոցով` ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության չեղարկմամբ:
Պատկերավոր ասած` Թրամփը նվաստացրել է Պուտինին, Պուտինը` Սարգսյանին: Սակայն նույն տրամաբանությամբ, անկախ Կոլերովի հավաստիացումներից, կասկածի տակ է նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագրի ստորագրումը, որովհետև նոյեմբերին գուցե Պուտինն անհրաժեշտություն ունենա ևս մեկ մեսիջ հասցեագրել Վաշինգտոնին կամ Բրյուսելին ու դարձյալ օգտագործի Հայաստանի գործոնը: Այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ Հայաստանն ամբողջովին կորցնում է իր աուբյեկտությունը` վերածվելով ինդիկատորի, որը բացահայտում է Մոսկվայի և Արևմուտքի հարաբերություններում առկա լարվածության մակարդակը:








































