Գերմանական ARD հեռուստաալիքի հեռուստադիտողները քրիստոնե-դեմոկրատ Անգելա Մերկելին հաղթանակ են շնորհել սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հետ հեռուստադեբատներում։ Այս մասին փոխանցում է DW-ն։
Հարցման արդյունքներով, որն ARD-ի պատվերով անցկացրել է հասարակական կարծիքի հետազոտման Infratest-dimap ինստիտուտը, հարցվածների 55 տոկոսը նախապատվությունը տվել է Մերկելին, 35 տոկոսը՝ Շուլցին։
Նշվում է, որ նրան առաջին անգամ է հաջողվել հաղթել հեռուստադեբատներում՝ նման մեծ տարբերությամբ։
Հարցվածների 49 տոկոսն անվանել է Մերկելին «վստահության առավել արժանի», իսկ Շուլցին այդպիսին է համարում 29 տոկոսը։
Դեբատների գլխավոր թեմաներն են դարձել միգրացիոն ճգնաժամը, հարաբերությունները Թուրքիայի հետ, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը և Թրամփի դերն այդ հարցում, սոցիալական քաղաքականությունը, ինչպես նաև «դիզելային սկանդալը»։
Ռուսաստանի հետ հարաբերությունը և ուկրաինական հակամարտությունը մրցակիցները չեն քննարկել։
Բունդեսթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 24-ին։







































