Երկուշաբթի Եվրախորհրդարանի յոթ պատգամավորներ կժամանեն Բաքու՝ հոկտեմբերին 9-ին նախագահական ընտրություններում 300 միջազգային դիտորդների հետ մոնիթորինգ անցկացնելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԵՄ-ի Բաքվի գրասենյակի մամլո ծառայության հաղորդագրությունը:
Հաղորդագրության համաձայն՝ առաքելության նպատակն է գնահատել ընտրությունների անցկացումը՝ համապատասխան միջազգային պարտավորվածությունների և երկրի օրենսդրության: Պատվիրակությունը կղեկավարի իտալացի պատգամավոր Պինո Արլաչին:
Նշվում է նաև, որ հոկտեմբերի 7-8-ին Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության անդամները կհանդիպեն Ադրբեջանի ընտրական մարմինների, միջազգային կազմակերպությունների, նախագահի թեկնածուների, քաղաքական վերլուծաբանների և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ EuroNesti-ի Խորհրդարանական վեհաժողովում (դրան անդամակցում են «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների խորհրդարանների պատգամավորները) Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը նշել է, թե Ադրբեջանն այլևս չի մտնում այն երկրների ցանկում, որտեղ անհրաժեշտ է ընտրությունների դիտորդական առաքելություն անցկացնել:








































