Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայությունից (Роскомнадзор): Նամակով ՌԴ պետական մարմինը պահանջում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRus.info լրատվական կայքից հեռացնել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի (քրեական աշխարհում հայտնի «Ռոբսոն» մականվամբ)՝ Չեխիայում ձերբակալության մասին նյութը:
Роскомнадзор-ը նամակում պահանջ-խնդրանքը հիմնավորում է Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով: «Իրազեկ քաղաքացիների միավորումը», բնականաբար, հրաժարվել է կատարել ռուսական կողմի պահանջը, որովհետև գործում է ՀՀ տարածքում և պատշաճ կատարել է մեր օրենսդրության պահանջները: Սակայն այս պատմության մեջ մի քանի ուշագրավ հանգամանք կա:
Հիշատակված քրեական հեղինակությունը` Ռոբսոնը, Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատից է և նրա կողմից ստեղծված «Ներդրողների ակումբի» անդամ:
Ռոբսոնն ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, սակայն ռուսական պետական մարմնի միջոցով սպառնում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:
Ստացվում է` Կարեն Կարապետյանի շրջապատը Հայաստան ոչ թե ներդրումներ է բերում, այլ` պահանջներ հնչեցնող «տղաների», ովքեր իրենց իրավունք են վերապահում Հայաստանի լրատվամիջոցների հետ խոսել Ռուսաստանի օրենսդրության դիրքերից:
Ահա, թե ինչ Հայաստան է պատկերացնում Կարեն Կարապետյանը, ով փորձում է հայկական քրեաօլիգարխիան փոխարինել ռուսահայ քրեական խաժամուժով: Այսպիսի հեռանկար են պաշտպանում բոլոր այն ուժերը, նաև` ընդդիմադիր, ովքեր Սերժ Սարգսյանին ուզում են փոխարինել Կարեն Կարապետյանով, կամ, որ նույնն է` Սամվել Ալեքսանյանին Ռոբսոնով:
Մյուս խնդիրը կապված է մեր` որպես պետություն, իմունիտետի կորստի հետ, երբ օտար երկրի պետական մարմինն այսքան կոպիտ միջամտում է մեր ներքին կյանքին` պահանջներ ներկայացնելով Հայաստանում գործող լրատվամիջոցին: Եվ վերջապես` այս պատմությունը ևս մեկ անցամ բացահայտում է մեր «ռազմավարական դաշնակից» կոչվածի էությունը: Այսօրվա Ռուսաստանը քրեական հեղինակությունների, նրանց հետ սերտաճած ուժայինների տանիքն է:
Հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա ստատուս-քվոն նպաստում է Հայաստանում «Ռոբսոնների» իշխանության հաստատմանը, որի պարագայում` ամբողջ երկիրը կհայտնվի Роскомнадзор-ի վերահսկողության տակ:









































