«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
– Պարոն Արշակյան, արտախորհրդարանական ուժերը նախատեսում են աշնանը ակտիվ պայքար սկսել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ օրակարգով է հնարավոր հաջողության հասնել։
– Հայաստանից դուրս այնքան շատ բան է արվում, որ մեզ անհրաժեշտ է թեկուզ ուշացումով հետևել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։ Ամբողջ աշխարհը՝ Արևմուտքը, Ճապոնիան, Կորեան, Ավստրալիան, Եվրամիությունը մահվան դատավճիռ են կայացրել ռուսական իմպերիալիզմի դեմ։ Իմպերիալիզմն այլևս ի վիճակի չէ շարունակել իր կյանքն ու գոյությունը։ Մենք հիմա դրան ենք սպասում։ Պատկերացնո՞ւմ եք, Ռուսաստանը՝ իր տնտեսությունով, անտառներով, գետերով, լճերով, արջերով, խորտակվում է, զարգացման բոլոր ճյուղերը փակված են։ Արդեն այսօր Ռուսաստանի տնտեսությունը խեղդվում է՝ դա նշանակում է իմպերիան մահանում է։ Մի քանի օր առաջ արդեն ՀՀ նախագահը եկավ Սոչիից, և նրա խոսքը բոլորովին այլ էր՝ նշանակում է նա ոչ թե իմպերիական հանձնարարություններով է եկել, այլ ինքնուրույն է. ասել են՝ գնա, գխիդ ճարը տես։
Ես հիմա մտածում եմ, որ Հայաստանի հասարակությունը կամ, ինչպես դուք եք ասում, արտախորհրդարանական ուժերը՝ ընդհանրապես քաղաքական կյանքը պետք է անպայման պատրաստվի այս մեծ իրադարձությանը։ Մեր կյանքի ընթացքում արդեն երրորդ անգամ է մեռնում իմպերիան՝ առաջին անգամ 17 թվականին, երկրորդ անգամ՝ 91 թվականին և երրորդ անգամ հիմա է մեռնում։ Մենք էլ պետք է պատրաստ լինենք։
– Բայց արդյոք Հայաստանի քաղաքական ուժերն ունե՞ն այդ գիտակցությունը։ Կարծես ճիշտ հակառակը՝ նրանք, ովքեր ասում են՝ եկեք ԵԱՏՄ-ից դուրս գանք, թուլացնենք կախվածությունը Ռուսաստանից, փոքրամասնություն են, և այս օրակարգը մեծ մասը կեղծ են համարում։
– Պետք է ասեմ, որ այն ուժերը, որոնք ԵԱՏՄ-ական էին, արդեն զրկվել են ֆինանսավորումից։ Իմպերիան դադարեցրել է ֆինանսավորել՝ արբանյակ ծրագրերն այլևս գումար չունեն։ Այն ցնծությունը, որ կար ԵԱՏՄ մտնելու ժամանակ, հիմա այլևս չկա։ Ես, օրինակ, վերջերս լսեցի Էդմոն Մարուքյանին ու հասկացա, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին լուրջ ասող կա՝ թեկուզ մի հոգի։ Արբանյակները կհարձակվեին նրա վրա, աղմուկ կհանեին, բայց ծպտուն չկա։ Հիմա երբ մնան անվճար, գուցե այլ աղբյուր գտնեն ու դառնան հակաիմպերիական։ Ես դրան սպասում եմ։ Նրանք, ովքեր ասում էին՝ ճորտ լինելը լավ է, իմպերիան լավ է, այլևս չկան։
Հիմա նրանք կփոխվեն՝ ճիշտ այնպես, ինչպես աթեիզմի մասնագետները դարձան կրոնի մասնագետներ։ Հիմա էլ նույնն է տեղի ունենալու։ Ճիշտ այնպես, ինչպես պարտկոմ Խոսրով Հարությունյանը, Գագիկ Հարությունյանը «Ցեկայից», Արտաշես Գեղամյանը՝ տեսա՞ք ինչպես դրոշը փոխեցին ու անցան անկախ Հայաստանի կողմը։ Ես սպասում եմ, որ այդպիսի սեռափոխություն տեղի կունենա։ Այնպես որ, հետաքրքիր աշուն կստացվի։ Կարեն Դեմիրճյանը, Վլադիմիր Մովսիսյանը ազգային հերոսներ հռչակվեցին, նախագահ դարձան պարտկոմ Ռոբերտ Քոչարյանը, կոմսոմոլի ակտիվիստ Սերժ Սարգսյանը։ Կերպարանափոխվելու հզոր ռեզերվ ունենք։ Նրանք ինձ ներս չեն թողնի, այնքան բարձր աղաղակող անկախականներ կառաջանան, որ ես չեմ լինի։
– Կարծում եք՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ-չդառնալը կարո՞ղ է լինել միավորող օրակարգերից մեկը, արդյոք այդ հարցը կարևո՞ր է։
– Դա շատ կարևոր է, բայց հնարավոր է, որ անկախության դրոշը բարձրացնի Սերժ Սարգսյանը։ Մեզ համար կարևոր չէ՝ նրա փեսան կամ եղբայրն ով է, նրա ծագման վայրը որն է։ Ով ավելի ռացիոնալ ու ճիշտ ճանապարհ ընտրի՝ նա էլ կընտրվի։ Մեզ համար կարևոր է՝ ով կդառնա հակաիմպերիական շարժիչ ուժի գործընկերը։
Արևմուտքը նվիրում է այդ հնարավորությունը։ Աստված պահի Ամերիկան։









































