Ղրղզստանի իշխանությունները որոշել են օրենսդրորեն սահմանափակել բնակչության կողմից կազմակերպվող տարբեր տեսակի միջոցառումների ծախսերը, հաղորդում է internovosti.ru-ն:
Բանն այն է, որ քաղաքացիների մեծ մասի եկամուտները քիչ են, սակայն հետևելով ավանդույթներին՝ նրանք զգալի գումար են ծախսում տոնական կամ սգո արարողությունների ժամանակ: Այդ պատճառով շատերը ստիպված են լինում հատուկ վարկեր վերցնել :
Հաշվարկների համաձայն` երկրի բնակիչներն այդ միջոցառումների վրա տարեկան ծախսում են մոտ մեկ միլիոն դոլար: Օրինակ՝ հարսանիքների ժամանակ պետք է լինի առնվազն հինգ լիմուզին, իսկ թաղման արարողության ժամանակ պետք է մորթել առնվազն մեկ ձի և բաժանել միսը: Երկրի ոչ բոլոր բնակիչներն են կարողանում վարձել լյուքս դասի ավտոմեքենաներ կամ ձի գնել, որի միջին արժեքը 2000 դոլար է, այդ պատճառով նրանք ստիպված են լինում վարկ վերցնել:
Նշենք, որ տվյալ օրինագիծը նախկինում երկու անգամ չի ստացել խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Փորձագետները կարծում են, որ օրինագիծն այս անգամ ևս չի հաստատվի խորհրդարանի կողմից:









































