Այս տարի հանգստի մեկնած հայերի գերակշիռ մասը նախընտրել է ավտոմոբիլային տրանսպորտը: Առաջին 6 ամիսներին երկրից դուրս հանգստացողների 58.1 տոկոսը մեկնել է ավտոմոբիլով: Օդային տրանսպորտն ընտրել է հանգստացողների 40.4 տոկոսը:
Սա հիմնականում պայմանավորված է տոմսերի սակագների թռիչքային բարձրացմամբ, ինչը կապում են Արմավիայի խաղից դուրս գալու հետ: Նույն են ցույց տալիս նաև թվերը: Արմավիան թռիչքները դադարեցրել է ապրիլի 1-ից, և եթե մենք ուսումնասիրում ենք մինչև ապրիլ ընկած ժամանակի վիճակագրությունը, ապա պատկերը լրիվ այլ է:
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանից մեկնողների գերակշիռ մասը` 50 տոկոսը, նախընտրել է օդային տրանսպորտը, իսկ ավտոմոբիլային տրանսպորտը նախընտրել է 48.3 տոկոսը: Այսինքն` այժմ օդային տրանսպորտով մեկնողների տեսակարար կշիռը պակասել է մոտ 10 տոկոսով և նույնքանով ավելացել է ավտոմոբիլային տրանսպորտով մեկնողներինը:
Այս ընթացքում շատ ավելի ակտուալ է դարձել ավտոմոբիլային տրանսպորտով Վրաստան և այնտեղից այլ երկրներ հանգստի մեկնելը: Պատճառն այն է, որ Հայաստանում ավիատոմսերի կտրուկ թանկացման պատճառով, այսպես հայերը կարողանում են տնտեսել, երբեմն նույնիսկ` երկու անգամ:
Այս իրավիճակը ոլորտում կշարունակվի մինչև տեղական ավիափոխադրող ունենալը: Իսկ երեք ավիափոխադրողների ընտրության մրցույթն արդեն հետաձգվել է մինչև այս ամսվա վերջ, և կոնկրետ ժամկետները դեռևս հայտնի չեն:









































