Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը: Հայաստանի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում վերսկսվում են դասերը:
Որպես Գիտելիքի օր՝ սեպտեմբերի 1-ը սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։ 1935թ. սեպտեմբերի 3-ին, Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ։ 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։
Օրն ինքնատիպ կերպով է տոնում Google-ը, որն այդ առիթով դուդլ է պատրաստել՝ իր որոնողական գլխավոր էջում տարբերանշանը փոխարինելով գիտելիքի «ծովով», որտեղ բոլոր ծովային բնակիչները հավաքվել են ուսուցիչ կետի շուրջ։








































