ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը կարող է շարունակվել ասոցացումից ցածր մակարդակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, Սուրբ Աննա քոլեջի խորհրդի անդամ, ՌԴ արտաքին քաղաքականության, Կովկասի միջազգային հարաբերությունների, Հետխորհրդային հակամարտությունների, Կենտրոնական Ասիայի միջազգային հարաբերությունների և Եվրասիայում միջազգային կազմակերպությունների դերակատարության գծով փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Հայաստանի՝ վերջերս կատարած արտաքին քաղաքական վեկտորի ենթադրյալ ընտրությանն ու ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցության հեռանկարին:
Նա ևս հաստատեց ԵՄ դիրքորոշումն այն մասին, որ առանց ԽՀԱԱԳ պայմանագրի՝ միայն Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու Հայաստանի պատրաստակամությունն անհնարին է: Այնուամենայնիվ, պատճառ չկա պնդելու, որ Հայաստանի ու ԵՄ-ի միջև քաղաքական համագործակցությունը կդադարի: Իմ համոզմամբ՝ անկասկած, ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը կշարունակվի ասոցացումից ցածր մակարդակում:
Բրիտանիայի հետաքրքրություններն այս տարածաշրջանում սահմանափակ են: Բրիտանիան մեծապես ընդգրկված չէ տարածաշրջանում: Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչներ կարելի է համարել Լեհաստանին, որոշակի չափով նաև Շվեդիային, որոնք միացել են ԵՄ-ին վերջին 20 տարիներին: Ավելի հին անդամներ, ինչպիսին է Ֆրանսիան, ունեն հատուկ հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ, իսկ Բրիտանիան այդպիսիններից մեկն է: Բայց միևնույն ժամանակ պատճառ չկա, որպեսզի Բրիտանիան ընդդիմանա Հայաստան –ԵՄ քաղաքական համագործակցությանը, բայց սա էլ չի նշանակում, որ Բրիտանիան կողմ է դրա խորացմանը:
Անդրադառնալով ԵՄ ներկայացուցիչների շրջանում Հայաստանի նկատմամբ երկու տարբերվող կարծիքներին՝ պրոֆեսորն ասաց, որ լիահույս է՝ ԵՄ-ն չի թողնի Հայաստանին, և կհաղթեն ԵՄ-ում այդպիսի դիրքորոշում ունեցողները:
«Պետք է նաև նշել, որ ԵՄ որոշակի առանցքային երկրներ լուրջ հետաքրքրություն ունեն այս ողջ գործընթացում Հայաստանին ներգրավելու մեջ»,- ասաց պրոֆեսորը:









































