Ուսուցիչը երեխայի հոգում պետք է լուսավոր հետք թողնի: Այսօր՝ Ուսուցչի օրը, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
«Իմ հոգում, օրինակ, այդ հետքը թողել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս: Նա երբեք չխանգարեց իմ «ես»-ի կայացմանը: Սա ԽՍՀՄ տարիների համար աննախադեպ բան էր: Իսկ ահա իմ չսիրած՝ ֆիզիկայի ուսուցչի «ինադու» ես ընդունվեցի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Նա միշտ ասում էր՝ դու ուր, ֆիզիկան ուր»,- ասաց նա:
Անահիտ Բախշյանի խոսքով` ինքը երբեք չի պատկերացրել, որ մի օր ուսուցչուհի կդառնա: «Սակայն ամուսինս և այն ժամանակ վաստակավոր ուսուցիչ սկեսուրս համոզեցին ընդունվել դպրոց: 1972 թվականից սկսվեց մանկավարժի իմ կարիերան, որն ավարտվեց 2007 թվականին: 1999-ին իրականացրեցի հանրակրթական 4 ծրագիր, որոնք բոլորն էլ այժմ պետական քաղաքականության մաս են դարձել՝ քաղաքացիական կրթություն, քրիստոնեական կրթություն, ներառական կրթություն և մասնագիտական կողմնորոշում: Սրանք բոլորն էլ իրար զուգահեռ պետք է զարգանան, սակայն այսօր ամեն ինչ կիսատ-պռատ է արվում»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ ուսուցիչը պետք է վաստակի ինչպես ծաղիկ ստանալու, այնպես էլ աշակերտին ապտակելու իրավունքը: «Այն, ինչ աշակերտը չի տեսնում ընտանիքում, պետք է տեսնի և սովորի դպրոցում»,- ասաց նա:










































