Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը այցելել է օգոստոսի 21-ին մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի տուն: Անդրանիկի ծնողները, հարազատները միանշանակ հերքել են Անդրանիկի ինքնասպան լինելու վարկածը: Իրավապաշտպանի խոսքով՝ հարազատները հավաստիացրել են, որ Անդրանիկը ոչ մի խնդիր չուներ ծառայության վայրում: Դեպքից մեկ օր առաջ էլ տանն է եղել, ամեն ինչ կարգին է եղել, ոչ մի դժգոհություն, մտահոգություն չի հնչել Անդրանիկի կողմից:
«Հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը: Ճիշտ է, դեռ դեպքը նոր է, հարազատները խորը վշտի մեջ էին, ոչ մի վարկած առաջ չէին քաշում, թե ուրիշ ինչ կարող էր լինել, բայց ինքնասպանությունը հաստատ բացառում էին: Եվ ես որպես այս գործերով փորձ ունեցող մարդ՝ տարիների ընթացքում իրավապահների կողմից ինքնասպանություն որակված դեպքերը իրականում ինքնասպանություն չեն եղել: Ես այդ դեպքերով ինքնասպանություն չեմ տեսել: Մշտապես, առանց ապացույցների դատարանը նույնպես հաստատել է, որ կատարվածը ինքնասպանութուն է, և այդպես փակվել է գործը:

Իմ պրակտիկայում ես չեմ տեսել մի դեպք, երբ նախաքննական մարմինը ունենա լիարժեք ապացույցներ, որ կատարվածը ինքնասպանությունէ եղել: Փոխարենը, ինչպես արդեն ասացի, սպանությունները առանց որևէ ապացույցի որակվել են որպես ինքնասպանություններ, և գործը փակվել է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ երբ անգամ փաստաբանների կողմից բավարար ապացույցներ են ներկայացվում, որ կատարվածը ինքնասպանություն չի եղել, մեկ է՝ արարքի վերաորակում չի լինում:
«Անգամ Արտակ Նազարյանի գործն էին ինքնասպանություն որակել, երբ նա աննկարագրելի խոշտանգումների էր ենթարկվել և անգամ ի վիճակի չէր կարող լինել զենքը բարձրացնել»,- նկատեց տիկին Ալեքսանյանը:
Իրավապաշտպանը փոխանցեց, որ Անդրանիկ Մկրտչյանը զինվորականի ընտանիքից էր, ապրիլյան պատերազմի մասնակից էր, մեդալակիր:
Իրավապաշտպանի հետ Ապարանում գտնվող Անդրանիկի տուն այցելած ակտիվիստ Անի Կաղինյանն էլ նշեց, որ Անդրանիկը աշնանը պատրաստվում էր ամուսնանալ, ուներ սիրած աղջիկ, հարգված և սիրված էր բոլորի կողմից: «Քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 2-ից մինչև մայիսի 7-ը գտնվել է Թալիշում, ստացել է մեդալ և պատվոգիր: Սա այն եզակի դեպքն է, որ մարտական ուղի անցած հերոս սպային հողին են հանձնել առանց զինվորական կարգի, առանց քահանայի, առանց սեփական զորամասի հրամանատարական կազմի, առանց ՊՆ որևիցե ներկայացուցչի: Ա՛յ այսպես են մեր բարձրաստիճան այրերը վերաբերվում հերոս տղաներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կաղինյանը:
Հիշեցնենք, որ զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի դին հայտնաբերվել էր օգոստոսի 20-ին, ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։
Դեպքից հետո Անդրանիկի մոտ գրություն էին գտել, որում նշված էր, որ իր կատարած արարքում ոչ մեկին չմեղադրեն:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալներ՝ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։







































