Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը այսօր պատրաստել և շրջանառության մեջ է դրել Երևանի փողոցները անվանափոխելու վերաբերյալ 6 փաթեթ: Առաջիկայում այս փաթեթները կներառվեն ավագանու առաջիկա՝ սեպտեմբերի 12-ի նիստի օրակարգ, և ավագանու նիստի ժամանակ քվեարկության արդյունքում պարզ կդառնա՝ փողոցները կվերանվանվե՞ն, թե՞ ոչ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Ըստ նախագծերի՝ «Ելք» խմբակցության ավագանին առաջարկում է Արաբկիր համայնքի Կասյան փողոցն անվանակոչել Վազգեն Առաջին վեհափառի անվամբ: Շենգավիթ համայնքի Ֆրունզեի փողոցը վերանվանել ապրիլյան պատերազմի հերոսների անվամբ: Փողոցներ անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի, Քըրք Քըրքորյանի, Վռամշապուհ արքայի անուններով:
«Առաջին լրատվական»-ը Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց՝ դատելով այս խնդրի շուրջ տևական ժամանակ ծավալված քննարկումներից, քննադատությունից, կարծիքներից՝ ինչպե՞ս կքվեարկի նախագծին Երևանի ավագանին, կհաջողվի՞ նախագիծն անցկացնել: «Դատելով քննարկումներից՝ իմ տպավորությամբ, նախագիծը վայելում է Երևանի բնակչության մեծ մասի համակրանքը, և դրա մասին են խոսում բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ, և կարծում եմ, որ այս հանգամանքների հետ ավագանու մյուս խմբակցությունների մեր գործընկերները հաշվի կնստեն»,- ասաց Խաժակյանը:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախագիծը ավագանու նիստերի օրակարգ ներառվելուց հետո իրենք համապատասխան հանձնաժողովում կնախաձեռնեն ներհանձնաժողովային քննարկումներ: Հանձնաժողովում ներառված են ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից, և իրենք հնարավորություն կունենան քննարկում ծավալել մինչև ավագանու նիստի կայանալը:









































