«Անկախ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի 10 տոկոս անկումից, նա շարունակում է մնալ Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյան և կարիք չկար վարկանիշի բարձրացման համար ինչ-որ PR քայլեր իրականացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի արցախյան կարճատև արձակուրդին, հրապարակված տեսանյութերին ու լուսանկարներին:
https://www.youtube.com/watch?v=tpKtK49omns
Նավասարդյանը նաև հավելեց, որ չի կարծում, որ վարչապետի արցախյան այցն անմիջականորեն կապված է հրապարակված արդյունքների հետ, թեև ցանկացած քաղաքական գործչի քայլերում PR բաղադրիչ կա:
Նշենք, որ օգոստոսի 1-ին Gallup International-ը հրապարակեց հարցումների տվյալներ, ըստ որոնց՝ Կարեն Կարապետյանի վարկանիշը խորհրդարանական ընտրություններից հետո 10 տոկոսի անկում է գրանցել: Դրան հաջորդեց վարչապետի արցախյան հանգիստը, որ մեկնաբանվեց որպես PR քայլ:
Արամ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք նոր ուսումնասիրություններ են անում, որը պատրաստ կլինի աշնանը: Այդ ժամանակ արդեն պարզ կլինի, թե վարչապետի վարկանիշն ինչ աստիճանի վրա է, բայց մինչ այդ, Նավասարդյանի խոսքերով՝ հաշվի առնելով այն ճահճացած վիճակը, որն այսօր առկա է պետական կառավարման համակարգում, փոփոխություններ չեն լինի: «Իմ անձնական կարծիքով՝ այսօր կառավարությունը ճիշտ ուղու վրա է: Այն ուղղությունը, որը վերցրել է կառավարությունը, ճիշտ է, թեև սպառվել է դրական փոփոխություններ իրականացնելու սպասումները: Հիմա, այն ուղղությունը, որով գնում է կառավարությունը, ճիշտ է: Դա օպտիմալացումն է, խնդիրներին շիտակ է նայում և տեղում բարձրաձայնում է խնդիրների մասին: Մեզ մոտ խնդիրը ոչ թե կառավարությունների բերած վատ ծրագրերն են, այլ խնդիրն այն է, որ տարիներ շարունակ այդ ծրագրերը քաղաքապետերի, մարզպետերի մակարդակով հնարավոր չի լինում իրականացնել: Ծրագիրը բերվում է, ասվում է, թե ինչ պետք է անել, բայց նրանք լսել են ու գլխով տմբտմբացրել են, անցնում գնում է: Մարդիկ սովորել էին տարիներ շարունակ այդպես աշխատել, բայց Կարեն Կարապետյանի գործելաոճը տարբերվում է մեր նախորդ վարչապետերի գործելաոճից: Նա կաբինետային պաշտոնյա չէ, այցելում է մարզեր և հետևողական է լինում, վերահսկում է այն ծրագրերը, որոնք նեկայացվել են և որոնք լուծում են պահանջում: Նա կոնկրետ հարց-պատասխանի միջոցով փորձում է պարզել, թե տեղական այդ իշխանիկները որքանով են իրագործել երկու-երեք ամիս առաջ ներկայացված ծրագրերը»,- նկատեց Նավասարդյանը:
Արամ Նավասարդյանից նաև հետաքրքրվեցինք, թե վերջին շրջանում հաճախակիացված խոսակցությունները վարչապետի հնարավոր փոփոխության շուրջ ինչ ազդեցություն են ունենում վարչապետի վարկանշի վրա: Դրանք դրականորեն, թե բացասական ազդեցություն են ունենում: «Ես կարծում եմ, որ վարչապետի փոփոխության մասին խոսակցությունները, մամուլի հրապարակումներն այնքան շատ են, որ դրանք արդեն վաղուց կորցնում են իրենց այն ուժը, որը կարող էին ունենալ վարչապետի հնարավոր փոփոխության դեպքում: Եթե մի բանի մասին շատ է խոսվում, դրա վրա մարդիկ աստիճանաբար դադարում են ավելի քիչ ուշադրություն դարձնել: Ես չեմ կարծում, որ այդ հրապարակումները վարկանիշի անկման կամ բարձրացման վրա կարող են այլևս ազդեցություն ունենալ: Ես էլի եմ կրկնում՝ անկախ 10 տոկոս վարկանիշի անկումից, Կարեն Կարապետյանը շարունակում է հանրապետությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող պաշտոնյան մնալ: Եվ հիմա Կարեն Կարապետյանի վարկանիշի մասին խոսում են մարդիկ, որոնց անձնական վարկանիշը 2-3 տոկոսից չի անցնում»,- եզրափակեց Նավասարդյանը:










































