ԵԱՀԿ Մինսկի խնբի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօերի բացահայտումը ու հատկապես դրա ոչ միանշանակ համատեքստը շարքային իրադարձություններ չեն, մանավանդ, որ ԼՂ հարցը քննարկել են նաև Պուտինն ու Սարգսյանը, առաջիկա ամսվա ընթացքում նախատեսված են Ալիև-Էրդողան, Նալբանդյան-Մամեդյարով, իսկ մինչև տարեվերջ` Սարգսյան-Ալիև հանդիպումները: Ղարաբաղյան խնդրով հայաստանյան դիսկուրսի անհրաժեշտություն կա, մանավանդ, որ ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել և իշխանության քաղաքական և մասնագիտական ռեսուրսները բավարար չեն: Ի վերջո, հասկանանք` մեր ընդդիմությունը Ղարաբաղի հարցում դիրքորոշում ունի՞, թե՞ ոչ: Ու որ իշխանությունը միշտ հաղթում է ընդդիմությանը, գլխավորապես այն պատճառով է, որ վերջինս Ղարաբաղի հարցում տեսակետ չունի (միակ բացառությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ն է, որն իրեն քաղաքականությունից դուրս է դրել):
Միջազգային հանրությունը Հայաստանի հետ շփվում է միայն Ղարաբաղի հարցով: Շփման ուրիշ հետաքրքրություն չկա, որովհետև հայ-թուրքական գործընթացը սառեցված է, իսկ ապագաղութացման հարցը մենք ենք սառեցրել: Իշխանությանը թունդ հայհոյելը գուցե տեղին է, բայց հաշիվ չէ, որովհետև, ենթադրենք, Սերժ Սարգսյանը շատ անտաղանդ է ու հեռանում է, կամ Կարեն Կարապետյանը չի ուզում պաշտպանել պապենական տան թասիբը, ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը, ի՞նչ է հակադրում Հոգլանդի մռայլ բացահայտումներին կամ Կազանի անընդունելի պլանին: Ով «ջանֆիդայություն» կամ «ոչ մի թիզ հող» է գոչելու, կարող է առանց ելույթի սուս-փուս առաջնագիծ գնալ, որովհետև ժամանակն է, որպեսզի յուրաքանչյուրը պատասխան տա իր բաժին արկածախնդրության համար: Ակնկալվում է ռացիոնալ դիրքորոշում կամ այընտրանք «վատի» և «ավելի վատի» երկընտրանքին:
Բնականաբար, այդ դիրքորոշումը չի կարող լինել մաքսիմալիստական-հայդատական կամ պացիֆիստական, որովհետև երկու ծայրահեղության վերջն էլ նույնն է` պատերազմ և արյուն: Եթե մեր ընդդիմությունը մերժում է Մադրիդյան գործընթացը` իր տարբեր մոդիֆիկացիաներով, ապա պարտավոր է փակուղուց ելք առաջարկել: Եթե մեր ընդդիմադիրները Հոգլանդի, իսկ դրանից առաջ Լավրովի ասածների մեջ ռացիոնալ հատիկ տեսնում են, ապա իշխանություններին պետք է ցույց տան բանակցային գործընթացը ռեսթարթ անելու ճանապարհը, որպեսզի կարողանանք բանակցություններից քաղել առավելագույնը: Բայց այնպիսի տպավորություն է, որ «եթե»-ները շատանալու են, որովհետև մեր ընդդիմությունը լռելու է կամ առավելագույնը` «ջանֆիդայություն» է խաղալու: Եթե ընդդիմություն ունենք, գոնե հիմա անհասանելի չի մնա, կպատասխանի, ծայրահեղ դեպքում` սեփական քաղաքական հեռանկարի մասին մտահոգվելով:
Լուսանկարը՝ gettyimages-ի









































