Ուրբաթ Վրաստանի խորհրդարանը երրորդ վերջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության ուղղումները, որոնք վերաբերում են երկրի օրենսդիր մարմնի կարգավիճակի ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, սահմանադրական ուղղումների նախագծի համար միաձայն քվեարկել են 150 պատգամավորներից 103-ը:
Խորհրդարանական մեծամասնության կողմից նախաձեռնված ուղղումները վերաբերում են Սահմանադրության այն մասին, որը պետք է ուժի մեջ մտնի նոր նախագահի երդմնակալությունից հետո:
Օրինագիծն առաջարկում է հանել Սահմանադրության մեջ ներառված այն դրույթը, որը վարչապետին թույլ է տալիս խորհրդարանի առաջ դնել կառավարության վստահության հարցը՝ վերջինիս նախաձեռնած օրինագծի ձախողման պատճառով: Հարցը բարձրացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը քվեարկության պետք է դնի օրինագիծը: Օրինագիծը պետք է ընդունվի առաջին ընթերցմամբ, հակառակ դեպքում դա կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգի մեկնարկի հիմք կդառնա:
Դրա հետ մեկտեղ ընդունված օրինագծի համաձայն՝ խորհրդարանը իրավունք կունենա կրկին վստահություն հայտնել վարչապետին և նրա կաբինետին կառավարության 1/3-ի թարմացման դեպքում:
Սահմանադրության ուղղումների համաձայն, որոնք ուժի մեջ կմտնեն նախագահի երդմնակալության արարողությունից հետո, ենթադրվում է, որ վարչապետը կարող է փոխել կառավարությունն առանց երկրի խորհրդարանի միջամտության:








































