Այսօր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները ստանձնել է փաստաբանական համայնքի նորընտիր ղեկավար Արա Զոհրաբյանը: Նա ընտրվել էր ՓՊ նախագահ սեպտեմբերի 14-ին անցկացված ընտրությունների արդյուքնում՝ ստանալով 913 քվեարկության մասնակիցներից 713-ի վստահության քվեն:
ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին 8 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար:
ՓՊ առաջին նախագահը շնորհակալությունէ հայտնել նաև միջազգային կառույցներին՝ USAID-ին, ABA-ի, Եվրամիության, Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին, Արդարադատության նախարարության աշխատակիցներին, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին համագործակցության համար՝ կարևորելով մասնավորապես ոստիկանության և փաստաբանների պալատի միջև կնքված հուշագիրը:
Ռուբեն Սահակյանը նշել է, որ խնդիրներ շատ կան, որոնք պետք է լուծվեն և հույս է հայտնել, որ կառավարությունը կաջակցի այդ խնդիրների լուծմանը:
Մինչ Արա Զոհրաբյանի կողմից լիազորությունները ստանձնելը հնչել է փաստաբանների օրհներգը և դահլիճ բերվել ՓՊ նախագահի խորհրդանիշը՝ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն:
Ա. Զոհրաբյանը հրապարակել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում իր առաջին որոշումը՝ ՓՊ առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը պարգևատրվեց «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով՝ ՀՀ փաստաբանների պալատի հիմնադրման և բազմամյա փաստաբանական գործունեության ընթացքում ներդրած ավանդի համար:










































