Դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 622 հազար 381, ինչը 24.2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն ասել է, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը էապես նպաստում են նաև փառատոնները: «Հայաստանի տարբեր մարզերում անցկացվող փառատոնները ոչ միայն յուրովի հետաքրքիր զբոսաշրջային արդյունք են, նաև հարթակ են, որպեսզի զբոսաշրջության մյուս ձևերը ևս զարգանան և ներկայացված լինեն այդ հարթակում»,-ասաց նա:
Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանում ներգնա զբոսաշրջային աճ ապահովող հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, եվրոպական երկրները: «Այս տարի հետաքրիր դինամիկա կա Չինաստանից, Ծոցի երկրներից, ճապոնիայից: Իրենց համար մեզ նոր են բացահայտում Կորեան, Ֆիլիպինները»,-ասաց նա:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նշեց, որ վերջին տարիներին մեծ է հետաքրքրվածությունը նաև լատինաամերիկյան երկրներից: «Համաշխարհային շուկայում դեպի Հայաստան այցերը տարեցտարի ավելանում են: Զբոսաշրջիկների 98 տոկոսը գոհ է հեռանում այստեղից»,-ասաց նա:
Մեխակ Ապրեսյանը հավելեց, որ հայաստանցի զբոսաշրջիկները այս տարի ևս հիմնականում նախընտրել են իրենց հանգիստն անցկացնել ծով ունեցող երկրներում:









































