«Այն ամենը, ինչի մասին խոսել է պարոն Մկրտչյանը այդ նախաձեռնության շրջանակներում, կարելի է ասել՝ Ամերիկա չի հայտնաբերել և որևէ նոր բան չի ասել, որովհետև 2009թ-ին ընդունված Հանրակրթության մասին օրենքն արդեն իսկ այդ ազատությունները տվել է ուսուցչին, իսկ նախարարը պետք է խոսեր այն մասին, թե այսօր ինչպե՞ս պետք է ուսուցիչը դրանք իրականացնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Կրթության ազգային ինստիտուտի նախկին փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ նախարարն օրերս հանդիպում է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ներկայացրել է «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը։ Վերջինս առաջարկում է խորհրդակցությունների շարք սկսել և ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես կարող են մեծացնել ուսուցչի տեղն ու դերը հասարակության մեջ:
Հանդիպման ժամանակ Լևոն Մկրտչյանը հայտարարեց. «Որակյալ ուսուցչին պետք է տանք ազատություն: Այսօր դպրոցը կարողանում է շուրջ 30% իր ընտրությունը կատարել, բայց այդ ընտրությունը չի հասնում ուսուցչին: Ուսուցիչն իրավազրկված է հասարակության մեջ, նաև վատ դրության մեջ է իր բյուրոկրատական վիճակով: Նա պետք է ազատ կարողանա ընտրել իր առարկայի դասավանդման մեթոդիկան, ազատ տնօրինել իր գիտելիքները, կարողանա դասարանին վերաբերվել ոչ թե որպես մեկ գորշ ամբողջության, այլ կարողանա դասակարգել, անհատական ուսուցման մեթոդներ մտցնել»:
Այս համատեքստում տիկին Բախշյանը ընդգծեց, որ այդ ազատությունը, որի մասին խոսում է նախարարը, մանկավարժներն իրենց մեջ պետք է ունենան, իսկ դա ունենալու համար նրանք պետք է տիրապետեն շատ մեթոդների, պիտի շատ լավ տիրապետեն իրենց գործին և իմանան նաև աշակերտների հոգեբանությունը։
Անդրադառնալով նաև մանկավարժների վերապատրաստմանը, որի կապակցությամբ ևս Լևոն Մկրտչյանն իր դժգոհությունն էր հայտնել, Անահիտ Բախշյանը նշեց․
«Հանրակրթության մասին օրենքով նախատեսվել է հետևյալ կարևորագույն միտքը, որ դպրոցը ինքն է ընտրում այն կազմակերպությունը, որն ունի լիցենզիա մանկավարժներին վերապատրաստելու։ Նախկինում 8-9 կազմակերպություններ կային, որ որքան էլ ասենք, թե դրանք ձևական էին, միևնույն է, այդ կազմակերպությունների միջև առկա մրցակցությունը բերում էր որակ, և այն ուսուցիչները, որոնք այդ տարիներին էին վերապատրաստվել, շատ-շատ գոհ էին»։
Նախարարի՝ այդ օրն արած որևէ հայտարարություն, տիկին Բախշյանի պնդմամբ՝ նորություն չէ, այլ դրանք վաղուց արդեն օրենքով ամրագրված են, իսկ Լևոն Մկրտչյանի այդ հայտարարությունները բանախոսը գնահատեց որպես պոպուլիստական ելույթ․
«Ես նախարարին Սերժ Սարգսյանի ոճով կպատասխանեմ՝ այս ամեն ինչը մեզ ասում ես, որ ինչ անենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































