ՔԻչ առաջ ՀՀԿ գրասենյակում ավարտվեց ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում իշխող կուսակցությունը քննարկել է մի շարք ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: Ըստ նրա` նաև տեղեկացվել են նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցից, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից և ԵԽԽՎ-ում նրա ունեցած հանդիպումներից:
Այն հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի պահվածքին անդրադարձ եղե՞լ է, Շարմազանովը պատասխանեց, որ չի եղել: «Պարոն նախագահը հնարավորություն ունեցել է բոլոր հարցերին մանրամասն պատասխանելու»,- նկատեց նա: Անդրադառնալով Ասոցացման համաձայնագիրն առանց ԽՀԱԱԳ պայմանագրի նախաստորագրելու իշխող կուսակցության պատրաստակամությանը` նա ասաց, որ պարոն նախագահը երեկվա ելույթի ընթացքում մանրամասն գնահատական տվել է Հայաստանի կողմից վարվող քաղաքականությանը, որն, ըստ նրա, պետք է որակել որպես կանխատեսելի և վստահելի գործընկերոջ ելույթ: Շարմազանովի խոսքերով` որևէ սենսացիոն հայտարարություն չեղավ. ՀՀ-ն հավատարիմ է մնում ժողովրդավարությանը, ՄԻ պաշտպանությանն ու զարգացմանը, ՀՀ-ն վերահաստատում է, որ անշրջելի է ժողովրդավարության զարգացումը երկրում:
«Վիլնյուսում, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս պատրաստակամ ենք նախաստորագրելու ԱՀ-ի քաղաքական մասը, որովհետև մեխն այդ համաձայնագրի քաղաքական բարեփոխումներն են»,- ասաց նա, ապա հավելեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցությանը, երկխոսությանը վերջակետ չի դրված: Ըստ նրա, ավելին, մենք տեսանք, որ դրվեց ստորակետ և այն շարունակվում է, ուստի հիմա կկնքվի Ասոցացման համաձայնագիրը, թե մեկ այլ համաձայնագիր, թե ինչ անուն կդնենք, ՀՀ-ն վճռական է իրականացնելու քաղաքական բարեփոխումներ, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի ժողովրդավարական:
«Այսօրվա Հայաստանն ավելի ժողովրդավարական է, ազատ է, շատ ավելի պաշտպանված են քաղաքացու, խոսքի ազատության իրավունքները, քան վեց-յոթ-տասը տարի առաջ, և դա շնորհիվ այն բարեփոխումների, որոնք իրականացրել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին: Մեր շահերից է բխում շարունակել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- տեսակետ հայտնեց Շարմազանովը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Զարուհի Փոստանջյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Շարմազանովն ասաց, որ դրանք անհեթեթ գնահատականներ են:








































