Արգենտինան պատրաստվում է Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանում վիճարկել Ուրուգվայի որոշումը՝ ընդլայնելու արտադրությունը ցելյուլոզայի գործարանում, որը գտնվում է երկու երկրների սահմանին մոտ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Արգենտինան արդեն վաղուց գանգատվում է, որ ֆիննական գործարանն աղտոտում է երկու երկրներն առանձնացնող գետի ջրերը:
Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը քննադատել է Ուրուգվային միակողմանի որոշում ընդունելու մեջ: Իր հերթին Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հայտարարել է, որ ինքը թույլատրել է մեծացնել արտադրությունը այն ծավալի կեսի չափով, որը խնդրել էր ֆիննական ընկերությունը:
Երեք տարի առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշել էր, որ Ուրուգվայը չի խախտել իր պարտավորությունները շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:









































