ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում հայտարարել է, որ հազվադեպ կթարմացնի իր էջը պետական հաստատությունների ֆինանսավորման դադարեցման պատճառով: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Կառավարությանը ֆինանսավորող օրենք ընդունելու Կոնգրեսի անկարողության պատճառով նոր գրառումներն այս օգտահաշվում կսահմանափակվեն»,- գրել է Միշել Օբաման, որն ավելի քան 500 հազար հետևորդ ունի:
Նշվում է, որ Միշել Օբամայի միկրոբլոգը վարում է մամլո ծառայությունը՝ բացառությամբ հատուկ նշված գրառումների, որոնց հեղինակն անձամբ Միշել Օբաման է:
Իսկ ահա Բարաք Օբաման, ում էջն ընթերցում է ավելի քան 37 մլն մարդ, ակտիվորեն թարմացրել է իր էջը երեքշաբթի՝ այնտեղ թողնելով ավելի քան տասնյակ թվիթներ: Օբաման քննադատել է Կոնգրեսին և գովազդել առողջապահական բարեփոխումը, որը կրում է Obamacare անվանումը: Այն ուժի մեջ է մտել մտել հոկտեմբերի 1-ից:
«Չնայած Ներկայացուցիչների պալատում ծայրահեղականների ջանքերին` Obamacare-ը չի փակվի»,- խոստացել է Օբաման:









































