Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրություններից առաջ փորձում է ամեն կերպ շահել քրդերի համակրանքը՝ հետագայում նրանց ձայները ստանալու նպատակով: Այլ կերպ ասած՝ Թուրքիայում այժմ արվում է ամեն ինչ՝ բավարարելու համար քրդերի պահանջները, ներառյալ՝ քրդական դպրոցներում քրդերենի դասավանդումը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ հավելելով, որ «ժողովրդավարացման» փորձերը լիարժեք չեն:
«Միաժամանակ՝ քրդերենը թուրքական բոլոր դպրոցներում չէ, որ դասավանդվելու է. այդ լեզուն անցնելու են բացառապես քրդական դպրոցներում: Ինչպես նախկինում, արգելված են քրդական այբուբենի Q, X, W տառերը, որոնց կիրառումը հասարակական վայրերում մարդկանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկմամբ: Այսպիսով՝ այժմ քրդերը կարող են իրենց երեխաներին ու բնակավայրերը անվանակոչել քրդական անուններով:
Շատ վերլուծաբաններ ասում են, որ Էրդողանը հոգնել է քեմալական ընդդիմությունից և ուզում է մայր ընդդիմություն դարձնել քրդերին, որոնց հետ հարաբերվելն ավելի հեշտ է: Ուժեղացնելով քրդերին՝ Էրդողանը ժամանակավոր դիվանագիտական քայլ է կատարում՝ փոխելու Սահմանադրությունը և հաղթելու ընտրություններում:
Քրդերն իրենց հերթին ողջունում և ծափահարում են Էրդողանի նոր որոշումները՝ իրենց տրված հարաբերական ազատությունները դիտարկելով որպես ազգային զարթոնքի հնարավորություն: Ինչ վերաբերում է ալվիններին, ապա նրանց մասով ոչ մի բարեփոխում չի կատարվել»,- ասաց թուրքագետը՝ կարևորելով, որ բարեփոխումների շրջանակում Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր մեջ ուժ է գտել վերացնելու պրակտիկան:
Արտակ Շաքարյանի խոսքով՝ որքան բարենպաստ վիճակում լինեն Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունները, այնքան ավելի շահեկան վիճակում կլինեն հայերը:
«Հայերը պետք է փորձեն հնարավորինս սերտորեն համագործակցել քրդերի և ալվինների հետ: Մեզ ձեռնտու է սիրաշահող, ուժերի բալանսավորման գնացող Էրդողանը, սակայն նրա գործողություններին մինչև վերջ չպետք է հավատալ»,- ասաց թուրքագետը:










































