Չորեքշաբթի Լոնդոնում բրիտանական կորոներների դատարանը կշարունակի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվիենկոյի գործով դատալսումը: Դատալսումները կվերսկսվեն հարցաքննության փուլով, որի ընթացքում դատարանը կուսումնասիրի գործի բոլոր նյութերը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, դատարանը հարցաքննությունը պետք է սկսեր մայիսի 1-ին, սակայն դատալսումները հետաձգվել էին մինչև հոկտեմբերի 2-ը, քանի որ բրիտանական և ռուսական կողմերը չէին կարողացել ներկայացնել անհրաժեշտ բոլոր նյութերը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել էին բաց քննություն չանցկացնել Լիտվիենկոյի գործով: Գործն այս ձևաչափով քննելու միջնորդություն էին ներկայացրել Լիտվիենկոյի այրին և դատաքննիչը: Այս կապակցությամբ դատաքննիչը վճռել է, որ ավելի լավ կլինի չքննարկել Լիտվիենկոյի մահվան որոշ հանգամանքներ, քան քննարկել դրանք ոչ ամբողջական տվյալների հիման վրա:
Կորոներների դատարանը ղեկավարող դատաքննիչ Ռոբերտ Օուենը նշել է, որ չի քննարկի ոչ մի ապացույց այն բանի, որ Ալեքսանդր Լիտվիենկոյի մահվան գործում կարող է մասնակից լինել ռուսական պետությունը, ինչպես նաև այն, որ բրիտանական իշխանությունները կարող էին կանխել Լիտվիենկոյի մահը:
Մեծ Բրիտանիայի հետաքննության տվյալներով՝ նրա սպանության մեջ գլխավոր կասկածյալը Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյն է:
2000թ. Մեծ Բրիտանիա փախած Ալեքսանդր Լիտվիենկոն մահացել է 2006թ. նոյեմբերին: Մահից հետո նրա օրգանիզմում հայտնաբերվել է ռադիոակտիվ տարր:











































