Լիբիայի բանտերում առնվազն 27 մարդ է մահացել կտտանքներից՝ 2011թ. Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի համատեղ զեկույցը:
Զեկույցում, որը նվիրված է Լիբիայում տեղի ունեցող կտտանքներին, նշվում է, որ տեղի բանտերում բանտարկյալների հանդեպ տարածված է խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կիրառումը: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011թ. վերջից կալանքի տակ գտնվող առնվազն 27 մարդ է մահացել: Ընդ որում, բավականաչափ տեղեկատվություն կա՝ ենթադրելու համար, որ նրանց մահվան պատճառները կտտանքների ժամանակ ստացված վնասվածքներն են:
Լիբիայում ուղղիչ հաստատություններում տիրող այս վիճակը մեկնաբանվում է այն փաստով, որ շատ բանտեր, պաշտոնապես գտնվելով կառավարական վերահսկողության տակ, իրականում ղեկավարվում են զինված խմբավորումների կողմից: Կառավարությունը փորձում է վերահսկողություն հաստատել այս խմբավորումների հանդեպ, այնուամենայնիվ՝ բանտարկյալների հանդեպ ոչ մասնագիտական վերաբերմունքը շարունակվում է:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում Լիբիայի բանտերում կա շուրջ 8000 բանտարկյալ, որոնք ձերբակալվել են 2011թ.: Նրանց մեծ մասի հանդեպ հետաքննություն դեռևս չի սկսվել: