Երկուշաբթի Դոմինիկյան Հանրապետությունում բուժաշխատողները եռօրյա գործադուլ են սկսել: Պետական հիվանդանոցների հազարավոր բժիշկներ ու բուժքույրեր աշխատանքի դուրս չեն եկել՝ հայտնում է Associated Press-ը:
Գործադուլի պատճառն այն է, որ կառավարությունը հրաժարվել է 2014-ի բյուջեում ներառել առողջապահության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը:
Ինչպես հայտարարել է երկրի բժիշկների խոշորագույն արհմիության նախագահ Ամարիլիս Էրերան, գործադուլին մասնակցում են 168 պետական հիվանդանոցների աշխատակիցներ, ովքեր պահանջում են աշխատավարձերի 60 տոկոսով բարձրացում:
Ներկայում Դոմինիկյան Հանրապետությունում բժիշկների աշխատավարձը կազմում է միջինը 600-1000 դոլար, բուժքույրերինը՝ 500 դոլար:
Էրերայի խոսքով՝ գործադուլի ժամանակ բժիշկները հիվանդներին կցուցաբերեն միայն անհետաձգելի բուժօգնություն:
Մասնավոր բժշկական կենտրոններն աշխատում են սովորական ռեժիմով:








































