Պատմությունը շատ գաղտնիքներ ու կուրյոզներ է պարունակում: Այսպես, վերջերս հայտնի է դարձել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստները պլաններ էին մշակում հսկայական ճագարների արյունաբերական բուծման համար, որոնց մորթուց հիտլերյան բանակի զինվորների համար պետք է շինելներ կարեին: Այդ գաղափարը պատկանել է անձամբ Հենրիխ Հիմլերին, հաղորդում է Daily Mail-ը:
Բանն այն է, որ մինչ քաղաքական կարիերան սկսելը նա իր ֆերմայում զբաղվել է հավաբուծությամբ: Նրա ծրագրերից էր հսկայական անգորյան ճագարների բազմացումն այն քանակությամբ, որ դրանց մորթուց հնարավոր լիներ հագուստ կարել գերմանացի զինվորների համար:
Քչերը գիտեն, որ 30-ից ավելի համակենտրոնացման ճամբարներում, անգամ Օսվենցիմում ու Դախաուում տեղադրվել են ճագարների վանդակներ:
Կենդանիների վանդակներն ունեցել են տաքացման հատուկ համակարգ, նրանց պահել են մարդկանցից ավելի լավ: Մեկ շաբաթում ճագարները ստանում էին ավելի շատ բանջարեղեն, քան բանտարկյալները մեկ ամսում:
Այսուհանդերձ, գաղափարն անկենսունակ եղավ: Ճագարներ պահելու համար նացիստների միջոցները չբավարարեցին:













































