Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը կարծում է, որ անազատության մեջ պահվող ազատամարտիկ Վոլոդյան Ավետիսյանին ազատ կարձակեն, եթե նա մեղավոր չլինի:
Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց. «Որ Վոլոդյան բան արած չլինի, բաց կթողնեն, հարյուր տոկոս»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարծո՞ւմ է արդյոք, որ Ավետիսյանը մեղավոր է, ինչին Սարոյանն արձագանքեց. «Ես ի՞նչ իմանամ, ես դատախա՞զ եմ»:
Գեներալը նաև տեղեկացրեց, որ ազատամարտիկների խնդիրները շուտով կլուծվեն, այդ մասին հանրությունը կտեղեկացվի: Հարցին՝ արդյոք շուտով օրենսդրական նախաձեռնությա՞մբ հանդես կգան, նա պատասխանեց, որ այս մասին ևս շուտով հայտնի կդառնա: Գեներալն առաջիկայում անակնկալներ խոստացավ:
Ազգային ժողովում է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը առողջական խնդիրների պատճառով նախորդ քառօրյային չէր մասնակցում: Լրագրողները հետաքրքրվեցին գեներալի առողջությամբ, վերջինս պարզապես բարձրացրեց բութ մատը՝ ի նշան լավ ինքնազգացողության: Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության մասին գեներալը խոսել չցանկացավ՝ նշելով. «Անցյալ անգամ խոսել եմ, բոլ ա… պրծել ա»:








































