ԵՏՄ-ից դուրս գալու կոչ անողները լավ կլինի ներկայացնեն կոնկրետ այլընտրանք, հաշվարկներ, նախօրեին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մոտեցումը, որ նա արտահայտել է, տարածված է և կիրառական ոչ միայն իշխանության «փաստարկային բազայում», այլ նաև մի շարք «անկախ» մեդիա և փորձագիտական շրջանակների:
Երբ խոսք է գնում Հայաստանի անդամությունը ԵՏՄ-ին, կամ ՀԱՊԿ-ին վերանայելու մասին, ինչը պայմանավորված է բացառապես այդ դաշինքների հակահայկական բնույթով և դրա անդամների քաղաքականությամբ, որը ոչ միայն կապ չունի Հայաստանի հետ, այլ ավելի շատ կապված է Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանի հետ, չկա որևէ այլ փաստարկ կամ հակակշիռ քան այն, թե ցույց տվեք այլընտրանքը: Առաջին հայացքից կուռ թվացող տրամաբանությունը պետական քաղաքականության և ընդհանրապես միջազգային սուբյեկտության տեսանկյունից անախրոնիզմ է: Որովհետև պետությունները ոչ թե փնտրում են ընտրանք կամ այլընտրանք, այլ ստեղծում դրանք, այսինքն ձևավորում իրենց ընտրությունը:
Եթե այլընտրանք չկա, ուրեմն դա առավել ևս վատ է, ուրեմն դա առավել ևս վկայում է ընտրության հնարավորություն ձևավորելու համար պատասխանատուների անհաջողության, անարդյունավետության, տապալման մասին: Պետությունները հենց նրա համար են, որ հանրույթների համար ստեղծեն կենսագործունեության ընտրական միջավայր, ոչ միայն իշխանություն ընտրելու, այլ ընդհանրապես պետական զարգացման ներքին և արտաքին ուղիներ, անվտանգության մոդելներ, ռազմավարություններ: Պետությունն իմաստազրկվում է, երբ դադարում է հասարակության համար ապահովել ընտրության հնարավորություն: Դա նշանակում է ճահճացում, դա նշանակում է փոս, թակարդ:
Թեև հասկանալի է, թե ինչու է Հայաստանը ներկայումս գտնվում այն վիճակում, որ իշխանության ներկայացուցիչներն անգամ ստիպված են հայտարարել, որ Հայաստանը դեմոգրաֆիական աղետի շեմին է: Հայաստանն այդ շեմին է, որովհետև իշխանությունը 20 տարիների ընթացքում վարել է մի քաղաքականություն և շարունակում է վարել, որը չի թողնում այլընտրանք: Եթե այլընտրանք չկա ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին՝ ըստ իշխանության, ուրեմն այլընտրանք չկա նաև սոցիալ-տնտեսական անկմանն ու դեմոգրաֆիական աղետին: գուցե դաժան է, բայց դա է իրականությունը, և այն չի փոխվելու, քանի դեռ իշխող էլիտան և ընդհանրապես քաղաքական մտածողության ու հանրային կարծիքի համար պատասխանատուները չեն հասկացել, որ աշխարհում ոչ ոք ոչ մեկին այլընտրանք չի տալիս. այլընտրանքը ստեղծում են կամ նվաճում: Հակառակ դեպքում այլընտրանք չի մնում հարատև ճահճին:










































