Վերջին տարիներին ներմուծման և արտահանման համար Հայաստանի մաքսային մարմինների պահանջած փաստաթղթերի ցանկը էապես նվազել է: Այս մասին այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ: Խոսելով հսկիչ և գործարքի գներով մեթոդների մասին՝ նա ասաց, որ այս հարցը խնդրահարույց է զարգացող երկրներում:
Անդրադառնալով Մաքսային միության և ԱՀԿ հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների համատեղելիությանը՝ Միրումյանն ասաց, որ բացառությամբ մաքսատուրքերի դրույքաչափերի՝ մնացած ընթացակարգերում հակասություններ չկան: Մաքսային միության կարգավորումները ընդհանուր առմամբ չեն հակասում ԱՀԿ-ի կարգավորումներին: Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, ապա, ըստ Միրումյանի, Հայաստանը դեռ բանակցում է Մաքսային միության երկրների հետ:







































