Ամերիկյան CNN հեռուստաալիքը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային` համատեղությամբ նաև Սպիտակ տանը նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին, ծառայողական դիրքն ի շահ ընտանեկան բիզնեսի օգտագործելու համար:
Հայտնի է, որ 36-ամյա Քուշները, որը մեծահարուստ հրեաների ընտանիքից է, ամուսնացած է ԱՄՆ ղեկավարի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի հետ:
Քուշների դեմ CNN-ի մեղադրանքները հիմնված են նրա վրա, որ խորհրդականի ընտանեկան բիզնեսի՝ չինական շուկայի համար նախատեսված գովազդային նյութերում շարունակում են նշել Քուշների անունը:
Ընտանեկան բիզնեսը ներառում է անշարժ գույքի կառուցման և վաճառքի ոլորտը: Ընկերությունների խումբը (Kushner Companies), որի համասեփականատերը Քուշներն է, նախկինում ներողություն են խնդրել ԱՄՆ նախագահի խորհրդականի անունը գովազդային նյութերում հիշատակելու համար:
CNN-ի տվյալներով՝ Քուշների հետ կապված ընկերությունները համացանցում պարծենում են, որ «այս տղան օգնեց, որպեսզի Թրամփն ընտրվի»:
Ավելի վաղ Քուշներին մեղադրել էին այն հարցում, որ իր հետ կապված ընկերություններն առաջարկել են Չինաստանի քաղաքացիներին 500.000-ական դոլարի ներդրում անել Նյու Ջերսիում կառուցվող անշարժ գույքում, որպեսզի դրա դիմաց կարողանան օգտվել ներդրողների համար ԱՄՆ այցագիր ստանալու ծրագրից: Այդ ծրագիրը ենթադրում է տարեկան 10.000 այցագրի տրամադրում:
Քուշները դեռևս չի արձագանքել իր հասցեին հնչած մեղադրանքներին:








































